«Հրանտս անճանաչելի է եղել, ԴՆԹ անալիզով են հաստատել, որ ինքն էր. սպասում եմ, որ մի օր կգա․․․»․ զոհված սպայի մայր
2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքը 4 զոհ է ունեցել, որոնցից մեկն ավագ լեյտենանտ, 33-ամյա Հրանտ Եղիազարյանն է։
Հրանտը 2006 թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2010 թվականին ավարտել և ծառայության էր անցել Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում։
Զոհված սպայի մայրը՝ Մետաքսյա Սիմոնյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ որդին դեռ փոքր տարիքից էր աչքի ընկնում հայրենիքի հանդեպ մեծ սիրով, և Հրանտի՝ զինվորականի մասնագիտությունն ընտրելն իրենց համար անակնկալ չի եղել․
«Իր մեջ միշտ այդ հայրենասիրական ոգին եղել է, հետո, որ տեսավ՝ ազգականներից մարդիկ կան, որ ռազմական համալսարան են ընդունվել, ուզում էր, որ ինքն էլ անպայման այդտեղ սովորեր ու որպես սպա ծառայության անցներ հայոց բանակում։ Այդպես էլ արեց․․․
Հինգ տարի ծառայեց Մատաղիսի զորամասում, հետո տեղափոխվեց Վանաձոր, հետո՝ Վայք, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Կապան, Սյունիքի դիրքերն էր պաշտպանում։ Թշնամու վերջին հարձակման ժամանակ Կապանում է եղել․․․
Ամեն օր զանգում էր տուն, այդպիսի օր չկար, որ չասեր՝ մա ջան, ո՞նց ես, մա ջան․․․ Մա ջանը մեռավ, մեռավ քո հետ, Հրանտ ջան․․․»։
Հրանտը ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր մեկ եղբայր ունի՝ Ժորան։ Տիկին Մետաքսյան պատմեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո՝ 2010 թվականին, Հրանտը ամուսնացել էր և կնոջ հետ տեղափոխվել Մատաղիս։
«Երկար ժամանակ՝ 7-8 տարի, երեխա չէին ունենում, հետո ծնվեց Նարես, հիմա 2 տարեկան է»։
Տիկին Մետաքսյան պատմեց, որ վերջին անգամ Հրանտը 2022 թվականի սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում էր զանգահարել, կնոջ և եղբոր հետ էր խոսել․
«Չէր ասել, որ հարձակում է սպասվում, հարցուփորձ էր արել, ասել էր՝ լավ եմ, չզանգեք, չզանգեք․․․»։
Սեպտեմբերի 13-ին Հրանտից ոչ մի լուր չունենալով՝ սպայի հայրն ու եղբայրը գնացել են Կապանի զորամաս, բայց ոչ մի տեղեկություն չեն կարողացել իմանալ նրա մասին։
«Հոկտեմբերի 5-ին ենք գտել որդուս, այդքան ժամանակ մնացել է մարտի դաշտում։ Ինքը անճանաչելի է եղել, մենք ԴՆԹ անալիզ տվեցինք, որ իմանանք՝ ի՞նքն էր, թե՞ չէ։ Ասացին՝ ինքն է եղել․․․
Մինչև հիմա էլ սպասում եմ Հրանտիս, սպասում եմ, որ մի օր ինքը կգա, կգա՛, ինքը կգա՛։ Ինքը փակ դագաղով է եկել հասել տուն, ես իրեն չեմ տեսել, դրա համար էլ սպասում եմ, մի՜շտ կսպասեմ։
Հրանտ Եղիազարյանի ընտանիքի անդամներին առաջարկել են սպային հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, բայց հարազատները մերժել են առաջարկը․
«Արագածավանը Երևանից հեռու է։ Ասացի՝ իմ տղեն թող իմ մոտ լինի, ես ամեն օր գնում եմ իրեն այցելության, չեմ ուզենա, որ հեռու լինի։ Հարգում ենք Եռաբլուրը, այնտեղ հանգչող տղաների հիշատակը, բայց իմ երեխեն թող իմ կողքը լինի»։
Ավագ լեյտենանտ Հրանտ Եղիազարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, Արագածավան համայնքի գերեզմանատանը։