Բաժիններ՝

«Այդ 14.1 տոկոսը կարող է փուչիկի նման պայթել, երբ ռուսները վերադառնան». տնտեսագետ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 9 ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից. այս ոլորտը, ինչպես վերջին տարիների բոլոր վիճակագրությունների դեպքում, գրանցել է անկում:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.1 տոկոսով: Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 62.5 տոկոս, արտահանումն աճել է՝ 63.8, իսկ ներմուծումը՝ 61.6 տոկոսով:

Ծառայությունների ծավալն աճել է 27.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.3, առևտրի շրջանառությունը՝ 14.5, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 10 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.9 տոկոսով: Անկումը գյուղատնտեսության ոլորտում 0.7 տոկոս է:

«2022թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6%-ով, իսկ 2022թ. առաջին ինը ամիսներին` 14.1%-ով։ Հիշեցնեմ, որ Հայաստանի լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003թ., երբ արձանագրվել է 14% ՀՆԱ աճ»,- ֆեյսբուքյան իր էջում ավետել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Կարդացեք նաև

Բայց այս հայտարարությունից հետո որևէ հրաշք տեղի չունեցավ, և քաղաքացիների ընդհանուր կենսամակարդակի բարելավում չարձանագրվեց. աճի շահառուները դարձան սահմանափակ շրջանակներ:

Ի դեպ, տնտեսագետները մեկ անգամ չեն նշել, որ այս աճն իրավիճակային է, քանի որ ՀՀ տնտեսությունն այդպիսի ներուժ չուներ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց՝ ռուս-ուկրաինական հակամարտության առաջին օրերին անգամ ենթադրվում էր, որ այն խիստ բացասաբար կազդի Հայաստանի վրա՝ ինչպես, օրինակ, 2014 թվականի Ղրիմի ճգնաժամը, երբ ՀՀ-ն տուժեց ՌԴ նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներից:

«Նախկին փորձը հաշվի առնելով՝ կարծում էինք, որ այս տարի ևս կունենանք ճգնաժամային իրավիճակ: Դրանով էր պայմանավորված, որ ՀՀ կառավարությունը, ԿԲ-ն իրենց 7 տոկոսանոց տնտեսական աճը նվազեցրին՝ հասցնելով մինչև 1.5 տոկոսի:

Սակայն, երբ ապրիլից սկսեցին ՌԴ քաղաքացիները գալ, իրենց հետ բերեցին ոչ միայն խնայողությունները, այլև նոր աշխատատեղեր՝ հիմնելով բիզնեսներ (այս տարվա ընթացքում շուրջ 5000 ռուսական ընկերություններ են ստեղծվել հիմնականում ՏՏ ոլորտում), նրանք նաև նպաստեցին, որ միջին անվանական աշխատավարձն աճ գրանցի: Այսինքն՝ ՀՀ տնտեսական աճի հիմնական ազդող գործոնը եղել է գումարների հոսքը ՀՀ, որը մինչև այդ չի եղել. իրավիճակը բավականին նման է 2000-ականներին, երբ մենք շինարարական բում ունեինք և արձանագրեցինք երկնիշ տնտեսական աճ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Քաղաքացին ե՞րբ կզգա այդ աճը՝ հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը պարզաբանեց, որ աճը տնտեսության վրա բաշխվել է անհամաչափ, հետևաբար՝ սահմանափակ ոլորտներ են դրան առնչվել:

«Այս 14.1 տոկոսի մոտավորապես 11 տոկոսը բաժին է ընկել առևտրի և ծառայությունների ոլորտին (օրինակ, բանկային համակարգում 43 տոկոսից ավել աճ է արձանագրվել այս տարվա ընթացքում):

Եվ եթե մասնավոր հատվածի կոնկրետ ոլորտներում արձանագրվել է անվանական աշխատավարձի աճ, ապա պետական հատվածում աշխատավարձերն աճել են ընդամենը 3.6 տոկոսով՝ այն դեպքում, երբ գնաճը 8.6 տոկոս է: Այսինքն՝ պետական սեկտորի աշխատատեղերի կենսամակարդակը կտրուկ վատթարացել է, իսկ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճը վերաբերում է, օրինակ, ՏՏ, բանկային ոլորտներին, բայց սննդի արտադրության ոլորտում անկում կա՝ մսամթերքի, կաթնամթերքի արտադրության դեպքում, գյուղոլորտում ևս անկում է արձանագրվել, իսկ գյուղոլորտում զբաղված է մեր բնակչության 1/3-ը:

Այսինքն՝ այս 14.1 տոկոսն անարդար, կամ ոչ հավասարաչափ է բաշխվել, և այս աճից օգտվել են սահմանափակ թվով մարդիկ, հետևաբար՝ մարդկանց կենսամակարդակի որակի վրա փոփոփոխություն չի ունեցել: Այդ 14.1 տոկոսը շատ արագ կարող է փուչիկի նման պայթել, երբ ռուսները վերադառնան և գումարների հոսքը դադարի»,- մանրամասնեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս