«Ո՞վ եք դուք, որ տաք Արցախը. Արցախը հանձնելուց հետո սեղանին հայտնվելու է Հայաստանը տալու փաստաթուղթը». Աննա Գրիգորյան
«Երկու տարի է, այս իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց հիմա խաղաղությունն ավելի հեռու է, քան երբևէ, Հայաստանի համար անվտանգային խնդիրներն ավելի մեծ են, քան երբևէ»,- Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները խաղաղության անվան տակ բերել են նոր զոհեր, որոնց անունները նույնիսկ դեռ չեն հրապարակվել, ինչպես նաև նոր տարածքային կորուստներ, մարդաթափված գյուղեր ու քաղաքներ․
«Սկզբում հանուն խաղաղության հանձնեցին Սյունիքի շուրջ ձևավորված անվտանգության գոտին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, բայց խաղաղության փոխարեն՝ ստացան հարձակում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա։
Ադրբեջանցիները քայլելով մտան և գրավեցին Սև լճի մի մասը, Նիկոլ Փաշինյանն այստեղ կանգնած ասում էր՝ դե հո կռիվ չե՞նք անելու, խաղաղության ենք գնում։ Մտան Ներքին Հանդ, էլի զրո հակազդեցություն։
Հիմա էլ ասում են՝ խաղաղության գինն Արցախն է, եթե կարճ բանաձևենք, ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք։ Նախ ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր ու մեր եկող սերունդների անունից տաք Արցախը՝ Եռաբլուրում հանգչած տղաների զոհողությունները առոչինչ անելով։
Երկրորդը, Արցախը մեր անվտանգության բարձիկն էր հողի վրա, հիմա էլ մեր անվտանգության բարձիկն է բանակցություններում։ Արցախի հանձնման մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո սեղանին հայտնվելու է փաստաթուղթ Սյունիքի վերաբերյալ, հետո՝ Գեղարքունիքի վերաբերյալ, հետո՝ ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ․․․»։
Ամփոփելով ելույթը՝ Աննա Գրիգորյանն ասաց, որ այս իշխանություններից անվտանգություն և խաղաղություն ակնկալելն ուղղակի անիմաստ է․
«Այս մարդիկ 2 տարվա ընթացքում չեն արել ոչի՛նչ։ Զինվորներն առաջնագծում տոպրակե վրաններում էին քնում, իշխանությունն ինքն իրեն պարգևավճարներ էր շռայլում, առաջնագիծը կահավորելու փոխարեն՝ ծառայողական մեքենաների պարկն են թարմացնում, մեծ շքախմբով վոյաժների մեկնում։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է անվտանգություն ու տարածքային ամբողջականություն ապահովել մի իշխանություն, որը պատերազմից 2 տարի անց նվնվում է, որ իրեն զենք չեն վաճառում, մի իշխանություն, որ դեռևս ետ չի բերել իր բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Բաքվի բանտում։ Ի վերջո, սեպտեմբերի 13-ի վերջին հարձակումից հետո մեր տղաների դիերը դեռևս հետ չեն բերվել։ Մեր երկրի տարածքում, մեր երկրի քաղաքացիներն իրենց կյանքը տվել են, իսկ այս իշխանությունը նույնիսկ տղաների դիակները չի կարողանում բերել։ Հետևաբար՝ այս իշխանությունից ինչ-որ անվտանգություն պահանջել, խաղաղություն պահանջել՝ ուղղակի անիմաստ է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում