Հայաստանը դարձել է հայտարարությունների մակարդակով տարածքներ զիջող երկիր, որը չափազանց վտանգավոր է. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է: Նա ընդգծել է․
- Խնդիրները, որոնց մենք բախվում ենք, պայմանավորված են ոչ միայն մեր ներքին գործընթացներով, այլև հետխորհրդային տրանսֆորմացիաների զարգացումներով:
- Պահանջվում են նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, և 30 տարվա ընթացքում կիրառված մոտեցումները, եթե անգամ տվել են լավ արդյունքներ, ապա նոր իրավիճակում դրանք այլևս կիրառելի չեն, պետք է նոր մոտեցումներ լինեն:
- 2007-ին Մյունխենում Պուտինի ելույթից հետո, հետագայում 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական, բայց իրականում ռուս-ամերիկյան բախումից հետո, աշխարհաքաղաքական մրցակցության մեջ լարվածությունը հասել է գագաթնակետին:
- Այսօր պահանջվում են նոր մոտեցումներ, գաղափարներ և գիտելիքներ, և խնդիրը միայն Հայաստանի հետ չի կապված, այլ հետխորհրդային երկրներին է դա վերաբերում:
- Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին. եթե որևէ մեկն ասում է, որ այս ճանապարհը չպետք է շարունակենք, այլ պետք է ընտրենք այլ ճանապարհ, ապա պետք է ներկայացնի՝ ո՞րն է դրա նպատակը, որո՞նք են մոտեցումները, և նկարագրի ակնկալվող ձեռքբերումներն ու կորուստները: Ցավոք սրտի, ոչինչ չեն ասում, չեն հայտարարում նպատակը և դրան հասնելու ճանապարհը, ուղղակի հայտարարում են ցանկություններ, և այդ դեպքում արդյունքները լինում են աղետալի:
Դրա վառ օրինակն է Ուկրաինայի օրինակը, միայն ասում էին, որ ձգտում են ԵՄ անդամակցության, ՆԱՏՕ և այլն՝ իրականում ոչինչ չպատկերացնելով…
Եվ դա հանգրեցրեց նրան, որ Արևմուտքը ոչ մեկ անգամ հայտարարեց, որ պետք է կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին, բայց Արևմուտքը՝ ինքը, կռվել չի պատրաստվում:
- Նույնը Հայաստանում է, առանց հստակ ակնկալիքի, առանց մոտեցումների հստակեցման՝ նետվելը դեպի Արևմուտք՝ պարզապես կործանարար է մեր երկրի համար:
- Պրահայի հանդիպումը, որի ընթացքում ընդունվեց հայտարարությունը, որևէ կարգավիճակ չունեցող հանդիպում էր, դա բանակցություն չէր, պարզապես հանդիպում, ոչ Շառլ Միշելը, և ոչ էլ Էմանուել Մակրոնը որևէ միջազգային կառույցի կողմից չէին լիազորվել միջնորդություն անելու:
Եթե հանդիպումը կարգավիճակ չունի, որևէ կազմակերպություն չի սահմանում օրակարգ, կանոններ: Այդ հանդիպման միակ արդյունքը քաղաքացիական դիտորդներ ուղարկելն էր, որը ևս իրականում որևէ արժեք չունի:
- Հայաստանը դարձել է հայտարարությունների մակարդակով միջազգային հարաբերությունների երկիր, որը չափազանց վտանգավոր է:
- Այդ հայտարարություններն իրավական ուժ չունեն. ինչպե՞ս կարող է որևէ երկրի ղեկավար հայտարարությունների մակարդակով քննարկել տարածքային խնդիրներ և մի բան էլ զիջել տարածքներ: Եթե վաղը իշխանափոխություն լինի՝ հաջորդ ղեկավարը կարող է հրաժարվել այդ հայտարարություններից:
- Միջազգային հարաբերություններում եթե որևէ մեկից ակնկալիք պետք է ունենաս, ուրեմն պետք է ինքդ այդ ուղղությամբ գործունեություն ծավալես:
- Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հանդիպումները մինչև հիմա տեղի էին ունենում Մոսկվայում, շուտով՝ նոյեմբերի առաջին օրերին, նրանց հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում. Նրանք, ովքեր փոխում են ուղղությունը, պետք է բացատրություն ներկայացնեն, թե ինչու են փոխում. չի կարելի մեկ այս, մեկ այն կողմ նետվել, սա ընդունված հարաբերությունների ձև չէ, ի վերջո, պետք է կողմնորոշվել:
- Արցախի ինքնորոշման իրավունքի մասին կարծես բոլորը մոռացել են:
- Սեղանին դրված երեք սկզբունքների հիման վրա կարգավորման փաստաթղթի մասին ևս մոռացել են, դրանցից մեկն ինքնորոշման իրավունքն է:
- Եթե Արցախը պիտի բանակցություններ վարի Բաքվի հետ, ապա պիտի խոսեն ձևաչափի, օրակարգի, միջնորդական կառույցի մասին, որովհետև հենց այնպես բանակցություններ չեն լինում, եթե չեն ասում, որ բանակցությունները պետք է սկսեն այն կետից, որտեղ դադարեցվել է, ուրեմն անիմաստ է խոսել Մինսկի խմբի ձևաչափից:
- Խաղաղություն այդպես չի լինում, երբ սահմանին մի կողմն անընդհատ առաջ է գալիս, իսկ մյուս կողմը՝ ետ գնում:
- Արցախի կարգավիճակը կարող է որոշել միայն Արցախի ժողովուրդը։ Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները ոչ մի կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ:
- Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ առանց Արցախի։
- Հրաժարվելով՝ երբեք խաղաղության չեն գնում, եթե անգամ Հայաստանը հրաժարվի Սյունիքից, Ադրբեջանը և Թուրքիան դրանով չեն բավարարվի:
- Եթե Հայաստանն ուզում է խաղաղության գնալ, պետք է մի գործոն ունենա, որով կարող է դիմակայել, այդ գործոնը ադրբեջանաթուրքական ագրեսիան է, և դրա հետ կապված Հայաստանը քայլ չի արել:
- Հայաստանը պետք է փաստական հիմքեր ստեղծի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վարձկանների կիրառում, ֆոսֆորային զենքի կիրառում… և պետք է տարբեր միջազգային կազմակերպություններում ներկայանա հայցերով:
- Ադրբեջանը և Թուրքիան կխաղաղվեն միայն այն ժամանակ, երբ հայկական բարձրավանդակում որևէ հայ չի ապրի:
- Որպեսզի կարողանաս խաղաղություն պարտադրես՝ պետք է կարողանաս գործիք կիրառել:
- Կան խնդիրներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել միջազգային հարթակներում. Հայաստանը դիմել է միջազգային դատարանին, բայց այդ հայցը վերաբերում է միայն գերիներին և ոչ պատերազմական հանցագործություններին, և այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել:
- Այն, ինչ կա, մեզ համար չի կարող բարենպաստ պայմանագրի հիմք լինել:
- Հնարավոր է, որ Ադրբեջանն իր ստացածով ժամանակավորապես դադար տա, բայց դա ժամանակավոր դադար է լինելու:
- Եթե մեր ներսում առկա խնդիրները կարողանանք լուծել, կփոխվի նաև արտաքին խաղացողների վերաբերմունքը մեր նկատմամբ:
- Ժամանակին «Նաբուկո» ծրագիր էին ուզում իրականացնել՝ Ադրբեջանից գազը Եվրոպա ներկրել, բայց հաշվարկը ցույց տվեց, որ Ադրբեջանի գազային հնարավորությունն ընդամենը 10 մլրդ խորանարդ մետր է, մինչդեռ Եվրոպական երկրների կարիքներն արդեն անցնում են 500 մլրդ խորանարդ մետրից:
- Էներգետիկ խնդիրների վերաբերյալ գիտական հրապարակումներ եղե՞լ են, մենք որևէ քայլ այդ ուղղությամբ արե՞լ ենք, մենք բազմաթիվ ուղղություններով ենք թերացել:
- Մեր դերակատարությունը միջազգային հարաբերություններում զրոյական է:
- Չի կարող լինել վստահություն նրանց նկատմամբ, ովքեր մեկ օր վազում են աջ, հետո՝ ձախ, հետո՝ վերև կամ ներքև:
- Փաստորեն, Հայաստանը հրավիրեց դիտորդական առաքելությանը, որը Ռուսաստանը դիտարկում է տարածաշրջանում իր դեմ կատարված քայլ՝ Ադրբեջանն էլ ձայնակցում է Ռուսաստանին. սա որևէ մեկը գնահատե՞լ է, մենք ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ, սա ամենակարևոր հարցն է:
- Որպես կանոն, պետություններն անհանգստանում են ոչ միայն իրենց տարածքում, այլ նաև իրենց սահմանակից երկրների տարածքում տեղի ունեցողի համար:
- Եթե Հայաստանի իշխանությունները չփոխեն իրենց մոտեցումները, գործողություններ չկատարեն, լուրջ հարաբերություններ չստեղծեն ու չխորացնեն հարաբերություններն այլ պետությունների հետ, չգնահատեն Իրանի, Ռուսաստանի ջանքերը, չեն կարողանա լուծել խնդիրները:
- Ինքնիշխանությունից կարող են հրաժարվել միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաները. քրեական օրենսգրքի փոփոխությունների այդ նոր նախագիծն ո՞ւմ համար են գրել: Կասկածում են, որ պետական պաշտոնյաները Հայաստանի ինքնիշխանությունից կհրաժարվե՞ն:
Եթե կասկածներ ունեն, որ ինչ-որ պաշտոնյաներ կարող է հրաժարվեն ինքնիշխանությունից, ուրեմն հասկանալի է, թե ինչու են նախաձեռնել այս փոփոխությունը քրեական օրենսգրքում:
- Շարքային քաղաքացիները կարող են կարծիք հայտնել, և դրա համար նրանք չեն կարող պատժվել, իսկ ինքնիշխանությունից կարող է հրաժարվել նա, ով ունի լիազորություն:
- Կարծիք հայտնելու համար որևէ մեկի իրավունք չունեն քրեական պատասխանատվության ենթարկել, պատժել: