«Փաշինյանը ստորագրելու է նոյեմբերի 9-ից ավելի շատ զիջումով փաստաթուղթ». Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ։ Պատգամավորն իր հետ մի փաստաթղթի պատճեն էր բերել ու հայտարարեց, որ արդեն 2 շաբաթ է, մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։

«Մի քանի կետանոց փաստաթուղթ, որի մասին իշխանությունները որևէ բառ չե՛ն խոսել, չե՛ն հերքել, որտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից, մեր 30-ամյա պայքարից»,- հայտարարեց Մանուկյանը, ապա մեջբերեց մի հատված փաստաթղթից․

««Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։

Միայն այսքանը։ Արցախցին էթնիկ փոքրամասնություն է միայն ըստ արևմտյան ծրագրի։ Էլ ինչո՞ւ պետք է Մինսկի խումբ աշխատացնեն, բանակցություններում միջնորդ լինեն։ Հիմա՝ 30 տարուց հետո, առաջին հայկական իշխանությունն է, որը համաձայն է Արցախը հանձնելու, թշնամու բոլոր պահանջները կատարելու։ Սա՛ է մինչև տարվա վերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը։

Կարդացեք նաև

Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել  շատ զիջումով փաստաթուղթ՝ կրկնակի կապիտուլյացիա»։

Գեղամ Մանուկյանը կոչով դիմեց համայն հայությանը՝ ասելով, որ ՀՀ գործող իշխանությունները խաղաղություն չեն բերելու․

«Սիրելի՛ հայրենակից, չի՛ բերելու այս իշխանությունը քեզ խաղաղություն, ինչպես չբերեց անցնող 2 տարիներին։ Ոչ միայն չի՛ բերելու, այլև նոր փորձանք ու փորձություն է բերելու, արդեն իսկ շարունակություն՝ Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Սոթքի ողբերգության, հսկայական տարածքների՝ թշնամական օկուպացիայի։

Այսօր արդեն Հայաստանի իշխանությունը չի թաքցնում թշնամու ախորժակը՝ Տավուշի, Արարատի, Մեղրիի մի շարք բնակավայրերի նկատմամբ։ Սա պետք է կասեցնե՛լ, որ խաղաղության ցուցանակի տակ թաքնված պարտությունը, նոր պատերազմները, բռնագրավումը չթակի ամեն մեկիս դուռը՝ իմ բնակված Քանաքեռից մինչև հեռավոր բնակավայր։

Այս իշխանությունը չունի որևէ լիազորություն, մանդատ, իրավունք՝ իր ձախողումների, անկարողության պատճառով զրկել մեր սերունդներին իրենց իրավունքների տերը լինելու հնարավորությունից։ Այս իշխանությունը, Փաշինյանը չե՛ն կերտել հայոց պետականությունը, Արցախ Հանրապետությունը, որ Վաշինգտոններում, Պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ արցախցին, Ազատ Արցախն ընդամենն Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն է։

Մեր ժողովրդի իրավունքների գողը ի վերջո պատասխան կտա։

Սիրելի՛ հայրենակից, կրկնում եմ այս ամբիոնից մի քանի շաբաթ առաջ ասածս խոսքը՝ հիմա ոչ թե Նիկոլին, այլ հայրենիքը փրկելու ժամանակն է․․․»։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց շաբաթներ առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ անվտանգության աշխատակիցներն իրեն ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում բռնությամբ հեռացրեցին:

«Բռնությամբ ինձ հեռացրեցին ամբիոնից, քանի որ հայտարարել էի՝ Արցախն ուրացողը դավաճան է։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն էլ համաձայնեց ու կրկնեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Դե եկեք պատռենք Արցախն ուրացող այս և նմանատիպ այլ փաստաթղթերը, մերժենք դրանք, մերժենք ուրացողին ու ուրացողներին»,- ասաց Գեղամ Մանուկյանը և պատռեց համացանցում շրջանառվող փաստաթղթի օրինակը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս