«Թշնամին բանակցություններն օգտագործելու է՝ որպես շղարշ. միայն ռազմական ճանապարհով է փորձում իր հարցերը լուծել». Մհեր Հարությունյան

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանի խոսքով՝ հակամարտության պարտմության ամբողջ ընթացքում Ադրբեջանը բանակցությունները որպես միջոց է օգտագործել հետագա մարտական գործողություններին նախապատրաստվելու համար։

«Անգամ 1993-1994 թվականներին, երբ Պաշտպանության բանակը հաջողություններ էր արձանագրում ռազմաճակատում, ադրբեջանական կողմը միշտ էլ բանակցություններն օգտագործել է օպերատիվ դադարներ ձեռք բերելու և ուժերը վերախմբավորելու համար։ Իսկ ներկայումս, երբ Ադրբեջանը որոշ մարտավարական առավելություն ունի, կարծում եմ՝ այդ բանակցություններն օգտագործելու է՝ որպես շղարշ իր հետագա ագրեսիվ գործողություններն առաջ մղելու և Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից նորանոր տարածքներ գրավելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Հարությունյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է միմյանց հետ բանակցեն։

Շարունակելով միտքը՝ պատմաբանը նշեց, որ բանակցային գործընթացի նկատմամբ որևիցէ վստահություն կամ  որևէ ակնկալիք Արցախը չունի՝ ելելով կյանքի փորձից։ Այս համատեքստում, եթե անդրադարձ կատարվի ոչ հեռու անցյալի օրինակներին, ապա դրանք հուշում են, որ ադրբեջանական կողմը միայն պարտություններ կրելուց հետո է նստում բանակցությունների սեղանի շուրջ՝ հետագա հարձակումներին նախապատրաստվելու համար։

«Իհարկե, բանակցային լուրջ գործընկերոջ հետ կարելի է բանակցություններ վարել, սակայն այս առումով Ադրբեջանը որևէ վստահություն չի ներշնչում»,- հավելեց Մհեր Հարությունյանը։

Կարդացեք նաև

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները խոսում են «խաղաղության դարաշրջանի» բացման, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու և արցախահայության և ադրբեջանցիների համակեցության  մասին, ինչը Մհեր Հարությունյանի կարծիքով՝ ինքնախաբերություն է և ցանկալին իրականության տեղ ներկայացնելու անհաջող վարքագիծ, որն իրականության հետ որևէ առնչություն չունի։

«Երբ թշնամին մշտապես պատերազմական գործողություններ է վարում, արյուն է հեղում և ամենևին չի թաքցնում ավելի հեռուն գնացող նվաճողական քաղաքականությունն ու նպատակակետերը, որոնք հաջորդ ագրեսիայի թիրախ են դառնալու, և այդ համատեքստում խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին կամ ունենալ ինչ-որ ակնկալիքներ՝ տեղին չեմ համարում։ Կրկնում եմ՝ դա ինքնախաբեություն է։

Ինչ վերաբերում է  տեսակետին, թե երբևէ կողք կողքի ապրելու հնարավորություն կարող է լինել և դրա շուրջ կազմակերպել քննարկումներ, կարծում եմ՝ ժամանակի վատնում է։ Դրա փոխարեն՝ մենք զօր ու գիշեր պետք է պատրաստվենք, որպեսզի վերականգնենք ուժերի հավասարակշռությունը, որը միակ պայմանն է հարևանների հետ հարաբերություններ կառուցելու համար, այլ տարբերակ ուղղակի բացառվում է»,- շեշտեց նա։

Հարցին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորում հնարավո՞ր է, երբ թշնամին Ադրբեջանն է, Մհեր Հարությունյանը պատասխանեց՝ դժբախտությունն այն է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ակնկալիքներ ունի միայն հայկական կողմը։

«Վերջերս, ագրեսոր պետության ղեկավարությունը կարծես թե ծաղրելով մեզ, ինչ-որ խաղաղության կամ հակամարտությունը կարգավորելու մասին էր խոսում, որն անհնարին եմ համարում։ Թշնամին միայն ռազմական ճանապարհով է փորձում իր հարցերը լուծել, և եթե նկատել եք, մշտապես շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադրությունը հօգուտ իրեն է, ուստի Ադրբեջանը փորձում է շահեկան պայմաններով ամրագրել 2020 թվականի աշնանային պատերազմի անընդունելի հետևանքները։ Կարծում եմ՝ մենք բոլոր միջոցներով մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք այդ զավթողական պատերազմի հետևանքներն ամրագրելու Ադրբեջանի բոլոր փորձերին։ Դրանք ոչ միայն  անընդունելի են, այլև դատապարտված են ձախողման»,- եզրափակեց Մհեր Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս