Կալանքը մի դարձրեք ֆետիշ. դա կյանքեր է խլում
Կալանավորման՝ որպես խափանման միջոցի ընտրությունը դարձել է մարդկանց խոշտանգելու միջոց: Մարդուն կալանավորում են բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունն առհասարակ չկա, իսկ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով՝ կալանքն առհասարակ դարձել է պատժի ծանրագույն եղանակ: Քաղաքական ակտիվություն ունեցող մարդկանց չեզոքացնում են հենց կալանքի միջոցով:
««ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»,- ԱԱԾ հաղորդագրությունից է հատվածը:
Ազգային անվտանգության ծառայությունն էլ մի ահազարհուր տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են ձերբակալում Արմեն Գրիգորյանին. Ստորագույն մարդասպանի նույնպես նման կերպ են ձերբակալում՝ դիմակավորված անձինք, մարդու արժանապատվությունը նսեմացնող գործողություններ:
Իր տված հարցազրույցից շատ ամիսներ անց իր քաղաքական ակտիվությամբ պայմանավորված՝ իրավապահների տիրույթում հայտնված Արմեն Գրիգորյանն այդ ի՞նչ պիտի աներ, որ իր վերաբերյալ հարուցված քրեական վարույթը հնարավոր չլիներ քննել առանց նրան կալանավորելու:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էր անդրադարձել թեմային:
«Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն-ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն-ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետև քննիչը գտել էր, որ պետք է արգելի: Պատկերացրեցիք, այսքան ամիս արգելել են:
Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..»,- գրել էր նա:
Արմեն Գրիգորյանի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ով, ի դեպ, կալանավորել է նաև Նարեկ Մանթաշյանին, Մամիկոն Ասլանյանին, Իգոր Խաչատուրովին, Ավետիք Չալաբյանին:
Վերաքննիչ ատյանում այս որոշումն անփոփոխ է թողել դատավոր Լուսինե Հովհաննիսյանը: Քննիչները միջնորդել են, դատախազները՝ հաստատել, դատավորները՝ կալանավորել, ԱԱԾ աշխատակիցները՝ մասնակցել «մասկի-շոուների»:
Գուցե այս մահը սթափեցնի արդեն մարդու վերաբերյալ, մարդու կյանքին առնչվող որոշումներ կայացնող անձանց:
Կալանքը մի դարձրեք ֆետիշ. դա կյանքեր է խլում: