Բաժիններ՝

Նարե Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել «Սևաստոպոլյան առագաստանավեր» միջազգային մրցույթում

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սուքիասյանը վերջերս մասնակցել է ՌԴ Սեւաստոպոլ քաղաքում կայացած «Սեւաստոպոլյան առագաստանավեր» միջազգային մրցումներին եւ տուն վերադարձել ոսկե մեդալով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը, Նարեն առագաստանավային սպորտով տարվել է վաղ տարիքից՝ 7 տարեկանից, եւ մարզվել Սեւանում գործող առագաստանավային սպորտի խմբակում, մարզիչներ Սմբատ Հակոբյանի եւ Հայկ Սուքիասյանի մոտ։ Նարեին արդեն ընդունել եւ շնորհավորել է Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

«Նարեն մասնակցել է տասից ավելի տեղական եւ միջազգային մրցաշարերի եւ միշտ մրցանակներ բերել մեր քաղաքին։ Այժմ նա նախապատրաստվում է Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաքում կազմակերպվող մրցումներին եւ խոստանում է տուն վերադառնալ նոր ոսկե մեդալով, իսկ իր ամենամեծ երազանքն այն է, որ նվաճի նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումները։ Մենք էլ ոչ միայն հպարտանում ենք նրանով, այլ նաեւ վստահում ու հավատում։ Իրոք, Նարեն մեր դպրոցի պարծանքն է ոչ միայն մարզական ոլորտում։ Նա փայլում է նաեւ դպրոցական բոլոր առարկաների իմացությամբ, իր անսահման խելքով, շնորհներով, համեստությամբ ու աշխատասիրությամբ»,-ներկայացրեց Լուսինե Հովհաննիսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս