Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի շենքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել եւ ընթանում են Հացառատ թաղամասի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանից, ծրագրում ներառված են մեկ մասնաշենքի ամբողջական հիմնանորոգման, ինչպես նաեւ մյուս մասնաշենքի հատակի վերանորոգման, արտաքին հարդարման եւ բարեկարգման այլ աշխատանքներ: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 180 միլիոն 575 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ արդեն կատարվել են քանդման, շինաղբի հեռացման, ցանկապատի կառուցման, արտաքին սվաղի եւ այլ կարգի աշխատանքներ։ Շինաշխատանքներն իրականացնում է «ԱՐՇՏԻԳ» ՍՊԸ-ն:

«Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ են հաճախում 120 սան։ Մանկապարտեզը շարունակում է իր գործունեությունը նախորդ տարիների ընթացքում հիմնանորոգված մասնաշենքում, իսկ նոր մասնաշենքի հիմնանորոգման արդյունքում այն արդեն կունենա եւս 120 տեղ: Այդպիսով, Հացառատ թաղամասում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից կօգտվեն բոլոր երեխաները։ Կարելի է ասել, որ այս թաղամասի համար լուծվում է ամենակենսական խնդիրներից մեկը»,-նշեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս