Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումը
Այսօր Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի, շարունակվում էր «Սիլվայի գործով» քննությունը:
Հիշեցնենք՝ այս գործով որպես մեղադրյալներ անցնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
Ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որի շրջանակում Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 01․08․2003 թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով, որն այս տարվա հուլիսի 1-ից այլևս ուժը կորցրել է։ Այսպիսով, Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հոդվածներն իրավական ուժ չունեն և դադարել են գոյություն ունենալ, իսկ մեղադրանքի բացակայության պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման։ Արարքը ապաքրեականացնող և անձի վիճակը բարելավող օրենքն ունի հետադարձ ուժ և կիրառվում է նախկին հարաբերությունների վրա։
«Երբ քրեական օրենքը ճանաչվում է ուժը կորցրած, նշված դեպքի նկատմամբ ոչ թե պետք է կիրառել քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը, այլ 9-րդ հոդվածը, համաձայն որի՝ ուժը կորցնելու հանգամանքին տրվում է հետադարձ ուժ և նախատեսվում է, որ օրենքն ուժը կորցրել է սկզբից։ Առկա պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման»,- ընդգծեց Օրբելյանը։
Մեղադրող դատախազների կարծիքով՝ նոր օրենքը կիրառելու հիմքեր չկան, որովհետև հանցանքի ապաքրեականացում տեղի չի ունեցել, և առաջադրված մեղադրանքը շարունակում է ուժի մեջ մնալ։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ սույն գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս։
Նույն նիստի ընթացքում Աննա Դանիբեկյանը բավարարել էր նաև Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը և վերջինիս թույլատրել մեկնել Ստրասբուրգ: