Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների հարց չկա, այն հորինվածք է. Հրաչյա Արզումանյան

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է միմյանց հետ ուղիղ բանակցեն, իսկ դրա համար փորձում են ներդնել միջազգային մեխանիզմներ, Ադրբեջանի ղեկավարությունն ի պատասխան՝ հայտարարում է՝ նման բան չի կարող լինել։

Այսպիսով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել էր նաև  արցախահայության խնդրին՝ ասելով.

«Պրահայում կայացած հանդիպմանն այս հարցի շուրջ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք։ Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ. «Ղարաբաղն Ադրբեջան է, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ալիևը։

Ի՞նչ վտանգներ է պարունակում նման հայտարարությունը, ի՞նչ սպասել Ստեփանակերտ-Բաքու հնարավոր ուղիղ բանակցություններից։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախի անվտանգության ոլորտի փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը, անդրադառնալով մեր հարցերին, հստակ ընդգծեց՝ Բաքուն Ստեփանակերտի հետ չի բանակցելու, որքան էլ հայտարարեն, թե դրա համար միջազգային մեխանիզմներ են ներդնելու։ Բաքուն Արցախը չի ճանաչում՝ որպես գործող, նույնիսկ՝ որպես մշակութային միավոր։

«Այս ամենը հորինված հայտարարություններ են, որովհետև նման բան չի լինելու, քանի որ Ադրբեջանը և նրա թիկունքին կանգած ռուս-թուրքական դաշինքը պատրաստ չեն ինչ-որ ձևով Արցախը ճանաչել։ Արցախին և արցախահայությանը միայն մի դեպքում կլսեն, եթե նրանք դառնան Ադրբեջանի քաղաքացիներ։ Սա անընդունելի է և, իմ խորին համոզմամբ՝ անընդունելի է արցախահայության համար։ Այդ պատճառով նման հարց չկա, այդ հարցը հորինվածք է»,- նշեց Հրաչյա Արզումանյանը։

Նրա խոսքով՝ այս ամենից Ադրբեջանը միայն ժամանակ է շահում, և դրա համատեքստում Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են իրականացնել այն ծրագիրը, որն ունեն տարածաշրջանի համար։

«Նրանք ուզում են տարածաշրջանում ցամաքային միջանցք ունենալ, իրենք խնդիր ունեն և քայլ առ քայլ լուծում են այդ խնդիրները։ Հայաստանի պետականությունը և նրա դաշնակիցները փորձում են չեզոքացնել նման քաղաքականությունը։ Պայքար է ընթանում, պատերազմ է գնում, աշխարհաքաղաքական, դիվանագիտական, ռազմական ասպարեզներում, այս ամենը շաղկապված է և շաղկապված է այն շահերով, որն ունեն այս տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան։ Այս օրերին Իրանը լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացնում։ Այդ զորավարժությունների հստակ ուղերձն այն է, որ Ադրբեջանին ցույց տա, որ Իրանը դեմ է ցանկացած տարածքային փոփոխության։ Իրանը թույլ չի տա, որպեսզի իր ճանապարհները դեպի Եվրոպա և Ռուսաստան կտրվեն»,- հավելեց Հ. Արզումանյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ այդ  գործընթացներում Հայաստանն ունի իր հստակ շահերն ու դիրքերը, որը պետք է պաշտպանի, և առաջին հերթին՝ այդ ամենը պետք է պաշտպանի զենքով։

«Վերջին երկու տարվա հարաբերական խաղաղության նարատիվը պետք է հետ դնեն ու վերադարձնեն իրականության մեջ, որտեղ կա մեծ ագրեսիա Հայաստանի դեմ»,- եզրափակեց Հրաչյա Արզումանյանը։

Տեսանյութեր

Լրահոս