Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պատգամավորը պատժամիջոցների կարիք է տեսնում

Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը պնդում է՝ եթե միջազգային հանրությունը համաձայնի Ադրբեջանի հետ, թե ԼՂ հարցը լուծված է, Մինսկի խումբը ոչինչ չասի, խաղաղապահները չլինեն, ապա նոր ցեղասպանություն կլինի ԼՂ-ի հայ ժողովրդի նկատմամբ․ նա հարցի լուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով: Խոսելով Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից՝ պատգամավորը շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է լավ պատկերացնի՝ Ադրբեջանը ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանը պետք է պատժվի: Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

– Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, սեպտեմբեր ամսին կրկին հարձակում են գործել Հայաստանի վրա, տարածվել է նաև ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութ, որպես միջազգային հանրության անդամ՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։

– Դա անօրինական է և հանցանք: Այս բառերը մենք պետք է օգտագործենք՝ բացահայտելու, որ Ադրբեջանը ագրեսոր է, և Հայաստանը զոհ է: Ցավոք, իմ կարծիքով, այս դերերը հստակ չեն միջազգային հանրության մեծ մասի համար, միգուցե, սեփական շահերից ելնելով, միգուցե նաև՝ որովհետև քիչ տեղեկացված են: Բայց ես կարծում եմ՝ շահեր կան մեծ մասամբ էներգետիկայի սեկտորում: Եվ Ադրբեջանն այս պահին Ռուսաստանի թուլացման պատճառով լավ դիրքում է հայտնվել: Դա Հայաստանի ճակատագիրն է:

– Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, ի՞նչ դեր կարող է խաղալ՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան:

– Նախևառաջ, մենք ճշմարտության կարիք ունենք: Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին պետք է բարձրաձայնվի և դատապարտվի, և արդարությունը պետք է գործի: Պատերազմական հանցագործությունները պետք է պատժվեն: Այս պահին դա այդպես չէ, բայց արդարության և ճշմարտության կարիք կա: Մենք պետք է նույն իրավունքներն ունենանք բոլոր երկրներում: Ռուսաստանն ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ: Եվ բոլորին պարզ էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կարիք կա: Ադրբեջանն էլ ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, բայց չունենք ոչ մի պատժամիջոց, ի հակադրություն, մենք ունենք նոր համաձայնագրեր, հայտարարություններ ԵՄ-ից, թե Ադրբեջանը վստահելի էներգետիկ գործընկեր է: Չի կարող այդպես լինել:

– Ինչպես գիտեք, Ադրբեջանը դեռ շարունակում է պահել հայ ռազմագերիներին, հրաժարվում է նրանց բոլորին վերադարձնել: Այդ հարցով միջազգային հանրությունն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին

– Նույնիսկ այս դեպքում մենք միջազգային դատավճռի կարիք ունենք: Միջազգային իրավունքը հստակ է՝ պատերազմից հետո ռազմագերիները պետք է փոխանակվեն: Նրանք չենք հանդիսանում հակամարտության տարր, պետք է փոխանակվեն, պետք է տուն գան: Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից ճնշում ՝ դատավճռի, պատժամիջոցների միջոցով:

– Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այսպիսով՝ մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, մինչդեռ Հայաստանը հայտարարում է, որ հակամարտության վերջնական լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ի՞նչ կասեք այս մասին, ըստ Ձեզ Մինսկի խումբը հիմա անելիք չունի՞, հակամարտության վերջնական լուծումը ինչպե՞ս եք պատկերացնում:

– Լուծմանը պետք է հասնել միայն քաղաքական ճանապարհով, այն չպետք է լինի բռնության միջոցով, հակառակ դեպքում կլինի երկրորդ ցեղասպանություն, իմ համար պարզ է: Եթե հիմա մենք ասենք, որ հարցը լուծված է, ինչպես Ադրբեջանն է սիրում ասել, և Մինսկի խումբը ոչինչ չպետք է ասի, իսկ Ռուսաստանը թույլ է, ու մենք, այլևս, խաղաղապահ զորքեր չունենք, ուրեմն ցեղասպանություն կլինի: Որովհետև հայերի դեմ տասնամյակների ատելությունից հետո կրկին հանցագործություններ և դաժանություններ կլինեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։ Մեզ քաղաքական լուծում է պետք: Իհարկե, Մինսկի խումբը թույլ է՝ Ռուսաստանի թուլության պատճառով, բայց կա ԵՄ-ն, որը պատասխանատվություն է կրում այս տարածաշրջանի համար, Արևմուտքը, արևմտյան բոլոր երկրները, որոնք պատասխանատվություն ունեն Հայաստանի համար։ Դե ֆակտո Արցախի Հանրապետությունը ժողովրդավարություն է, և կարծում եմ՝ մենք պետք է պաշտպանենք այս ժողովրդավարությանը, պետք է պաշտպանենք արտահայտվելու, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները: Եվ այս բոլորը մենք գտել ենք Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում: Սա հստակ է: Ժողովուրդը կա, մարդու իրավունքները կան, չենք կարող անտեսել:

– Դուք նշեցինք, որ Մինսկի խումբը թույլ է, սակայն այն միակ միջազգայնորեն ճանաչված հարթակն է՝ ԼՂ խնդրի համար, ի՞նչ եք կարծում, ամեն դեպքում պե՞տք է շարունակել բանակցել Մինսկի խմբի շրջանակներում

-Խնդիրն այն է, որ բանակցությունները Մինսկի խմբում բանակցություններ են Ռուսաստանի հետ, ոչ ոք չի ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ այս պահին: Միգուցե, դա կարող է Շվեյցարիայի համար դեր լինել: Դուք պետք է բանակցեք, եթե դուք Մինսկի խմբի շրջանակում հարմարվելու խնդիր ունեք, եկեք մեզ մոտ, խոսենք միասին: Միգուցե, դա լրացուցիչ դեր լինի՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի կամ որևէ այլ մեկի համար: Մենք ՝ Շվեյցարիան կարող ենք ամբիոն լինել, հեշտացնել: Բայց փաստ է՝ այս պահին Մինսկի շրջանակը թույլ է:

– Խոսենք նաև հայ-շվեյցարական հարաբերություններից, երկու երկրները հարաբերությունները ո՞ր ոլորտներում կարող են զարգացնել, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

– Մենք արդեն ունենք բազմաթիվ համագործակցային նախագծեր, հիմնականում Հայաստանի հարավում, դա գործադիր աշխատանքի մի մասն է: Այս համագործակցության շրջանակում մի քանի թեմաներ կան՝ էներգետիկա, բնակարանաշինություն: Շատ աշխատանք և շատ լավ համագործակցություն կա: Դեսպանն այսօր ինձ ասաց, որ Սյունիքում վերջին տարիներին ներդրել ենք 21 միլիոն շվեյցարական ֆրանկ։ Ի դեպ, դրանք փողեր են, որոնք հիմա սպառնալիքի տակ են, եթե Հայաստանի հարավում պատերազմ լինի։ Այսպիսով, պետք է համագործակցություն և մեծ ներգրավվածություն լինի Հայաստանի հարավում խաղաղության համար: Դա մեր սեփական շահն է: Շվեյցարիան ուժեղ ինստիտուտների շատ լավ երկար ավանդույթ ունի: Ես շատ շահագրգռված եմ Շվեյցարիայում մեր օրենսդրական իշխանության, ամուր ինստիտուտի այս երկարամյա ավանդույթի փոխանակմամբ: Կարծում եմ, որ կարող է լինել իրական լավ փոխանակում` նպատակ ունենալով, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները միասին ձևավորեն արժեքների այս համայնքը: Մենք պետք է ամրապնդենք այս արժեքային համայնքը։ Իսկ Հայաստանն ու Շվեյցարիան այս հարցում կարող են կարևոր դեր խաղալ։

– Իսկ տնտեսական ինչպիսի՞ համագործակցություն եք պատկերացնում, գուցե առևտուր:

-Առևտուրը՝ միանշանակ: Ես շատ եմ սիրում ծիրան: Հարավում մենք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ծրագրեր ունենք։ Այս համագործակցության ծրագրերի հետ միասին մենք կարող ենք նաև խթանել երկրների միջև առևտուրը:

Տեսանյութեր

Լրահոս