Արսեն Թորոսյանը բոլորիս և տարածաշրջանի ժողովուրդների անունից ցավակցում է թուրքերին, իսկ ո՞ւր է նրա ցավակցությունը ջերմուկյան 207 զոհերի համար

Իշխանությունների՝ յուրաքանչյուր պատեհ առիթով Թուրքիայի իշխանությունների ցուցաբերած խոնարհումը, գերուշադիր վերաբերմունքն ու քծնանքն այն մակարդակին են հասել, որ տպավորություն է ստեղծվում, թե մրցման են դուրս եկել՝ ով ավելի թրքահաճո բան կասի:

Այսպես, հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Բարթին նահանգի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ու սկսվեց… ՔՊ-ական իշխանությունները, մեկը մյուսին հերթ չտալով, այնպիսի սրտաճմլիկ ցավակցություններով հանդես եկան, որպիսիք նրանց կատարմամբ չեն նշմարվել 44-օրյա պատերազմի կործանարար արդյունքներով՝ շուրջ 5000 միայն զոհերի առկայության պարագայում:

Ավելին, սեպտեմբերի 12-13-ին ադրբեջանական հերթական ագրեսիայի արդյունքներով՝ միայն 207 պաշտոնականացված զոհերի ու երկու տասնյակի հասնող գերիների դեպքում անգամ որևէ մեկի ցավակցական խոսքը չլսվեց:

Բոլորովին այլ է Թուրքիայի պարագայում:

Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր թվիթերյան էջում տարածելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին հղած սրտառուչ ցավակցական խոսքը, այնպես է ոգևորվել, ասես Թուրքիայում տեղի ունեցածն իր անձնական ողբերգությունն էր:

«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում մեր հարևանին Թուրքիայի Բարթինում հանքափորների մահվան առնչությամբ: Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,- գրել էր Արսեն Թորոսյանը:

Այնպես չէ, որ իրազեկ մարդիկ զարմացած են առողջապահության նախկին նախարարի գրառման հոգեցունց բովանդակությունից:

Նույն Արսեն Թորոսյանն ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ընտրել մահը։ Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։ Խաղաղությունն անգին է»:

Իհարկե, Արսեն Թորոսյանի երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում, որովհետև նույն մարդը նաև Արցախի անկախությունն էր հուզումնառատ տեքստով շնորհավորում, պնդում, որ արդեն 28 տարի է` Արցախի հերոսական հայ ժողովուրդը ապացուցում է, որ իրավունք ունի ապրելու ազատ և անկախ երկրում, և մենք բոլորս ամեն ինչ անելու ենք այդ իրավունքը անխախտ պահելու համար:

Բայց երբ Արսեն Թորոսյանը միայն Հայաստանով չի բավարարվում ու արդեն Թուրքիային ցավակցում է տարածաշրջանի ժողովուրդների անունից ու շեշտում, որ ողջ տարածաշրջանը սգում է, արդեն չափից առավել է:

Մի առիթով Արսեն Թորոսյանին հիշեցրել էինք Հրանտ Մաթևոսյանի անմահ ստեղծագործության տողերը՝ ««Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել… »:

Արսեն Թորոսյանին առաջարկում ենք մյուս անգամ չբավարարվել միայն տարածաշրջանի անունից ցավակցություն գրելով: Հաջորդ անգամ առավել համոզիչ լինելու համար գուցե արտասվախառն տեսանյո՞ւթ ձայնագրի:

Վերահաստատելով նախորդ հրապարակման մեջ նշած միտքը՝ Արսեն Թորոսյանն անհայրենիք է. նրա համար նորմալ է այն, ինչ ինքը գրել է… Իսկ ի՞նչ են անում նրանք, ում համար դա նորմալ չէ:

Տեսանյութեր

Լրահոս