«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն և «Լևոն Հովհաննիսյանի անվան ԳՀԻ»-ն կմիավորվեն և կունենան մեկ անուն՝ «Երևան» բժշկական կենտրոն
Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 18-ի նիստին կքննարկվի նաև «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն և «Լևոն Հովհաննիսյանի անվան ԳՀԻ»-ն միավորելու հարցը:
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով` Երևան քաղաքի ավագանին որոշել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխել «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության:
«Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով սույն որոշման 1-ին կետով անվանափոխված «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը:
«Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1961 թվականին: Որոշման նախագծում ներկայացված է նաև, որ հիվանդանոցային ծառայությունների իրականացման համար ընկերության մահճակալային ֆոնդում առկա է 80 մահճակալ, սակայն մահճակալային ֆոնդը չի օգտագործվում առավելագույն հզորությամբ՝ պայմանավորված հոսպիտալացված հիվանդների քիչ քանակով՝ արդյունքում Ընկերությանը չապահովելով հավելյալ եկամուտներ:
Շենքը և շինությունները շահագործման են հանձնվել 1972 թվականին։ Շինությունների մեծ մասը գտնվում են անմխիթար վիճակում և 1990-ական թվականների կեսերից չեն վերանորոգվել, ունեն կապիտալ նորոգման անհրաժեշտություն, ուստի չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության։ Կլինիկական մասնաշենքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հարկաբաժինները մասամբ վերանորոգվել են 2005-2010թթ., սակայն առկա է ընթացիկ վերանորոգման խիստ անհրաժեշտություն։ Դեռևս 2006 թվականի ապրիլի 4-ին «ՌՈԲ ՎԵԼՈւԵՅՇՆ» ՍՊԸ-ի կողմից կատարված գնահատման եզրակացության՝ կլինիկական մասնաշենքի վիճակը գնահատվել էր լավ, դիահերձարանը, ճաշարանը և պահակատունը` բավարար, իսկ մնացած շինությունների վիճակը` անբավարար։ Կլինիկական մասնաշենքի մաշվածությունը կազմում է 50-70%։ Տանիքը և նկուղն ունեն անհապաղ վերանորոգման կարիք։ Առաջնահերթ է Ընկերության լիարժեք ջեռուցման համակարգի տեղադրման խնդիրը, քանզի մինչ այսօր գերակշռորեն ինստիտուտը ջեռուցվում է անհատական էլեկտրական տաքացուցիչներով, միայն երկու հարկաբաժին է ջեռուցվում գազային տաքացուցիչներով, որն էլ առաջացնում է կենցաղային անհարմարություններ, ինչպես նաև հանդիսանում է ընկերության սուղ ֆինանսական միջոցների անարդյունավետ վատնման պատճառ։ Առկա է նաև բակի բարեկարգման խնդիրը, մասնավորապես՝ ասֆալտապատման, ինչպես նաև ոռոգման ջրի անցկացման և մաշված խողովակների փոխարինման խնդիրներ։
Ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով և կահույքով հագեցվածության աստիճանը ևս լիարժեք համարել չի կարելի և արդիականացման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Ընկերությունում շահագործվող բժշկական սարքավորումներն ու գույքը հիմնականում ձեռք են բերվել 1965-1990թթ., և այժմ ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես հնացել են և լուրջ խոչընդոտ են հանդիսանում որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու հարցում։
Ծախսային մասում տարիներ շարունակ չեն ներառվել բժշկական նորագույն ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ինչը կարևոր նախապայման է ժամանակակից և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու առումով, և կարևոր գործոն է շուկայում Ընկերության գրավչության և մրցունակության բարձրացման համար։ Բացակայում են նաև գովազդների և հայտարարությունների գծով ծախսերը։