«Հայաստանում լինելու է պատերազմ. փաստաթուղթը Նիկոլը ստորագրելու է այդ պատերազմի արդյունքում». Արա Վարդանյան

Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային պետք է առանց հայերի, ուստի ակնհայտ է՝ Փաշինյանի ասած «խաղաղություն» բառի տակ դրված է արյունոտ ական, և պատահական չէ, որ 44 օրյա պատերազմից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը սկսեց խոսել խաղաղության մասին, իսկ խոսելուն զուգահեռ՝ մենք ստացանք և շարունակում ենք ստանալ հարյուրավոր զոհեր և հարյուրավոր կիլոմետրերի կորուստ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության վարած քաղաքականության ու դրա հետևանքների մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը։

«Փաշինյանը հանձնում է Հայաստանը՝ հանձնելու ընթացքում՝ ասֆալտ փռում»,- հավելեց նա։

Հարցին՝ իսկ ի՞նչ է անում ընդդիմությունն այդ «փռվող ասֆալտի» վրա, որպեսզի բռնի Հայաստանը հանձնող իշխանության ձեռքը, Արա Վարդանյանը պատասխանեց.

«Ընդդիմությունը սկսել է պատերազմից հետո է՛լ ավելի թեժ պայքարել այս իշխանության դեմ, ցավոք սրտի, դեռ չի հաջողվել գեներացնել այնպիսի դժգոհության ալիք, որը կստիպեր, որ Նիկոլի իշխանությունը քանդվեր։ Նիկոլն իր ձեռքով երբեք հրաժարական չի գրի, պետք է մենք դա բացառենք, ուստի ընդդիմության հույսը մինչև վերջերս նրա իշխանության ներսում ճաքեր առաջացնելն էր, հիմա արդեն, Արմեն Աշոտյանի ասած՝ սև կարապը՝ անսպասելիության գործոնը»։

Կարդացեք նաև

Նաև հետաքրքրվեցինք՝ հանրությանն ի՞նչ է առաջարկել ընդդիմությունը Փաշինյանի առաջարկածի փոխարեն, որ չի հաջողել, Արա Վարդանյանը նկատեց․ «Մեզ ոչնչացնում է մեր թշնամին, ընդդիմությունն առաջարկել է չոնչնացվելու տարբերակ, ասել է՝ եթե այլ մարդ գա, մենք նաև հող չենք տա թշնամուն, էլ ի՞նչ պետք է առաջարկեր։ Չէ՞ որ երբ քեզ ոչնչացնում են, սոցիալական խնդիրների մասին խոսելը դառնում է երկրորդական։ Ընդդիմության չհաջողելու պատճառներից մեկը, կարծում եմ, այն է, որ իշխանությունը համացանցում շատ ակտիվ ցանցային պայքար է տանում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ չի վախենում քննադատությունից»։

Հարցին՝ ընդդիմությո՞ւնն է վախենում քննադատություններից, Վարդանյանը պատասխանեց.

«Ոչ թե վախենում է, այլ դա մաշեցնում է իրական ընդդիմությանը»։

Ըստ Վարդանյանի՝ իրավիճակը պատային է, որովհետև մի կողմում Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին, մյուս կողմում՝ իշխանությունն անգամ մասնակի իշխանափոխության գնալու չունի ցանկություն, ինչը կարող էր կանխել Ալիևին տրվող բանավոր պայմանավորվածությունների շղթան ու դառնալ ելք ստեղծված անելանելի իրավիճակից՝ կանխելով կապիտուլյացիայի ստորագրումը։

«Լինելու է պատերազմ, և Նիկոլն ինչ էլ ստորագրի, ստորագրելու է Հայաստանում պատերազմի արդյունքում։ Այսօր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ևս հայտարարել էր, որ Պրահայի հանդիպումից գոհ են, Ադրբեջանը ևս գոհ է: Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս աշխարհին, որ իրենք կառուցողական են, հանդիպումից գոհ են, փոխարենը՝ դժգոհ է Փաշինյանը, որն այդ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ալիևի հետ ճանապարհների հարցով չի հաջողվել գալ համաձայնության։ Այսինքն՝ ստեղծում է Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմք, ուստի Հայաստանի տարածքում կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, որին կմասնակցեն Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը. այս տերությունները մեր հողը մեջ-մեջ են անելու, թե Երևանն ո՞ւմ կհասնի, այս պահին դժվար է ասել»,-  ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս