Դատավոր Անի Հարությունյանին չեն կալանավորի. Ո՞ւմ գործով է անցնում ԴԱՀԿ նախկին պետի զարմուհին

Քիչ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այս պահին քննվում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին ազատությունից զրկելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին հարցը։ Միջնորդությունը ներկայացրել է նախաքննական մարմինը։

Ըստ այդ հրապարակման՝ Անի Հարությունյանն անցնում է «կաշառքի գործով»:

168.am-ի տեղեկություններով, սակայն, խոսքը ոչ թե կալանքի, այլ դատավորի լիազորությունների կասեցմանն է վերաբերում:

Անի Հարությունյանը, ով, ի դեպ, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է, մեր տեղեկություններով՝ անցնում է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի գործով:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին, որ ներկայացվել էին նախորդ օրը: Դրանից հետո ԱԱԾ-ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան` դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Գևորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը մերժվեց: Հուլիսի 21-ին դատավորների լիազորությունները դադարեցվեցին:

Գևորգ Նարինյանը, ով, ի դեպ, լուրերի մեկնաբան, գլխավոր դատախազի նախկին խորհրդական Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։

Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը նույնպես որպես մեղադրյալ էր ներգրավված այս գործով: Ըստ գործի նյութերի՝ Անի Հարությունյանը նույնպես մեղադրվում էր փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Այսօր ԲԴԽ-ում Անի Հարությունյանի վերաբերյալ քննվում է նաև կեղծ հայտարարագիր լրացնելու դրվագը:

Վերջինիս հայտարարագրում գրված է, որ ինքը՝ որպես փոխառություն է տվել x գումար (գումարը, ըստ դատավոր Հարությունյանի՝ ինքը տվել է Գևորգ Նարինյանին։- Գ.Ս.), սակայն հետագայում պարզվել է, որ իրականում նման բան չի եղել, ինչը նշանակում է հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնել: Իսկ քանի որ հայտարարագիր լրացնելը բխում է դատավորի լիազորություններից, այդ իսկ պատճառով նախաքննական մարմինը հիմա ԲԴԽ-ում զուտ Անի Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարց է լուծում, առանց կալանքի թույլտվության:

ՀՀ գլխավոր դատախազությունից, ի պատասխան 168.am-ի հարցի՝ փոխանցեցին, որ «Դատական օրենսգիր» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասացին գլխավոր դատախազությունից:

Տեսանյութեր

Լրահոս