«Իրանի մի քանի անգամ փորձեց հասկացնել՝ մեր քթի տակ միջանցք չտաք». Հարութ Առաքելյան
«Միջին միջանցքը պետք է գար և անցներ Հայաստանով, այլ ելք չկար, և 2014 թվականին արդեն պարզ էր, որ Արցախյան հարցը պետք է կարգավորվեր մի կերպ»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական պատճառներին՝ մեկնաբանեց «Փակագիծ» վերլուծական հարթակի հիմնադիր Հարութ Առաքելյանը:
Վերլուծաբանի խոսքով, աշխարհում այժմ հիմնականում ձևավորվում և ձևափոխվում են բոլոր դաշինքները:
«Այժմ ընթանում է ֆորմալ և ոչ ֆորմալ դաշինքների կառուցում: Ֆորմալը գաղափարական դաշինքներն են, ոչ ֆորմալը՝ առևտրային կորիդորները»,- մանրամասնեց նա:
Խոսելով ստեղծված իրավիճակում տարածաշրջանում Իրանի դերակատարության մասին՝ Հարութ Առաքելյանը նկատեց, որ դրա ազդեցությունն արդեն դուրս է գալիս տարածաշրջանից, թեև պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսությունը շատ վատ վիճակում է:
«Իրանը բազմազգ երկիր է. բաղկացած է ցեղախմբերից, որոնցից ամենաակտիվը քրդերն են (40-50 տարի զինյալ պայքար են մղում), ակտիվ են բալուջները, որոնք ապրում են Պակիստանի սահմանին»,- ասաց վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ երբ անցյալ տարի Իրանը բախումների ժամանակ զորք բարձրացրեց արդբեջանական սահման, Ալիևը հայտարարեց, թե բալուջները Թեհրանում զորահանդես կանցկացնեն, եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա:
Ըստ նրա՝ դա վերաբերում էր բալուջների միջոցով իրավիճակի ապակայունացմանը:
Հարութ Առաքելյանի կարծիքով՝ այս ընթացքում նաև Հայաստանն է միանում Իրանի դեմ մեկնարկած արևմտյան գործընթացներին, ինչն Իրանում աննկատ չի մնում, քանի որ իրանական մամուլը և իրանցի վերլուծաբանները, օրինակ, նշում են, թե Հայաստանն էլ է իրենց քթի տակ դավադրություն անում Իրանի դեմ:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը սպասում է այդ խոսույթի տարածմանը։
«Իրանը մի քանի անգամ տարբեր խմբավորումների շուրթերից փորձեց Հայաստանին հասկացնել, որ՝ դուք մեր քթի տակ միջանցք չտաք, որովհետև Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում կան 15 ծովային և ցամաքային հարևաններ: Իրենց ազգային անվտանգության հայեցակարգում ամենակարևոր սահմանը նշված է Իրան-Հայաստան 42 կիլոմետրանոց սահմանը:
Կարող է զարմանալի թվալ, թե ինչու 1.5 մլն քմ-անոց երկիրը մնացել է այդ 42 կմ անոց սահմանի հույսին, քանի որ այդ հարևաններից միակ բարեկամ երկիրը Հայաստանն է, իսկ մնացած բոլորը խնդիր ունեն Իրանի հետ»,- հայտարարեց փորձագետը՝ արձանագրելով, սակայն, որ Հայաստանը կորցնում է բարեկամի կարգավիճակը:
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ նախքան պատերազմը՝ Նիկոլ Փաշինյանը 1 տարի չէր զանգահարել Իրանի նախագահին, իսկ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելուն հաջորդել էին հայտարարություններ, թե դրա համար երրորդ երկրի կարծիքը հաշվի չեն առնում, ինչի հետևանքով Իրանը մեկ օր ուշ շնորհավորեց Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
«Իրանը միակ պետությունն է, որն այս պահին խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, բայց մենք, կոպիտ ասած, թքած ունենք և աղ ու հացով դիմավորում ենք Փելոսիին»,- եզրափակեց փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում



