Բաժիններ՝

Ինչ ազդեցություն կունենա այլ երկրներից Հայաստան տեղափոխված մասնագիտական ներուժը ՏՏ ոլորտի վրա․ մեկնաբանում է Krisp-ի համահիմնադիրը

Հայաստանում վերջին շրջանում հատկապես Ռուսաստանից նկատվում է ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժի զգալի հոսք, նրանք մի կողմից իրենց հետ Հայաստան են բերում մեծ ընկերություններից ստացած փորձը, մյուս կողմից առաջացնում են մրցակցություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում։

Նա կարևորեց հայկական ընկերությունները տաղանդավոր և փորձառու կադրերով համալրումը։

«Նրանք գալիս են մեծ ընկերություններում աշխատանքի փորձով ու, եթե հայտնվում են հայկական ընկերություններում, գիտելիքի արագ փոխանակում է կատարվում»,-ասաց նա։

Մինասյանը շատ կարևորեց նոր ընկերությունների մուտքը Հայաստան, որոնցից են Yandex, Miro ընկերությունները։

«Այսպիսի խոշոր ընկերություններ, բնականաբար, մինչ այդ չկային Հայաստանում, ու դա բերելու է նոր աշխատանքային մշակույթի, գիտելիքի և այլն։ Դա մեր ՏՏ ոլորտի աշխատակիցների համար էլ նոր հնարավորություններ է բացում։ Կարող են գնալ արդեն կայացած ընեկորություններում գիտելիք ու փորձ ձեռք բերել»,- ասեց Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ ինչ-որ առումով Հայաստանը ՏՏ ոլորտի օտարերկրյա հիմնադիրների համար դարձել է ճանապարհ դեպի Սիլիկոնայն հովիտ։

«Հիմա ռուս և ուկրաինացի տարբեր հիմնադիրներ ներկայանում են որպես հայկական ստարտափների հիմնադիրներ և նոր գնում Սիլիկոնյան հովիտ»,- ասաց նա։

Այն հարցին, թե արդյոք Հայաստան տեղափոխված մասնագետները չեն զբաղեցնում տեղացի մասնագետների հաստիքները՝ Մինասյանը պատասխանեց, որ ՏՏ ոլորտում մրցակցությունն ամբողջ աշխարհում մնում է արդիական։

«Կան տարբեր համակարգեր, որոնք թույլ են տալիս տարբեր երկրներում էլ մարդկանց աշխատանքի ընդունել առանց իրավաբանական բարդությունների, այդ պատճառով մրցակցությունն արդիական է։ Ճիշտ է, դա բերում է նրան, որ մրցակցությունը ավելի է շատանում, բայց դրանից խուսափել հնարավոր չէ։ Եթե դու լավ մասնագետ ես, ուզում ես լավ աշխատանք ունենալ, պետք է հաշվի առնես, որ մրցակցելու ես համաշխարհային լավագույն կադրերի հետ»,- եզրափակեց Մինասյանը։

Հյաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Կարինե Տերտերյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31