Ուշագրավ զարգացումներ՝ «Իկրայի գործով»… Ո՞վ է բեկանել Զարուհի Նախշքարյանի կայացրած ակտը, և ո՞ւմ և ինչո՞ւ է այն մակագրվել հիմա
Հոկտեմբերի 4-ին փաստաբան Ծովինար Կարապետյանը տեղեկացրեց՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի վարույթում քննվող` ըստ հայցի Շուշան Նիկոլի Փաշինյանի ընդդեմ Նարեկ Սամսոնյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահաջների մասին քաղաքացիական գործի շրջանակներում ստանձնել է Նարեկ Սամսոնյանի շահերի պաշտպանությունը։
Հիշեցնենք՝ 15.10.2021թ. ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/7486/02/20 դատական գործով 18.06.2021 թվականին կայացված վճիռը բեկանվել և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության:
Ավելի պարզ՝ «Իկրայի գործ» անունը ստացած Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի կողմից ներկայացրած հայցի վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի որոշումը բեկանվել ու վերադարձվել է ստորին ատյան՝ նոր քննության:
Հիշեցնենք նաև, որ այս գործով Արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանը իր հեռանալուց առաջ ստորագրել էր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ կարգապահական միջնորդություն հարուցելու որոշումը, և խնդիրը հենց այդ որոշման հետ էր կապված:
Ըստ արդարադատության նախարարի՝ Զարուհի Նախշքարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ «Իկրայի գործից», սակայն չի արել, և ըստ այդմ՝ թույլ է տվել դատավորի էթիկայի խախտում:
Այս վարույթի քննությունը 2021թ. նոյեմբերի 1-ին էր սկսվել ԲԴԽ-ում: Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը, ով, ի դեպ, հիմա Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարն է, Խորհրդին ներկայացրել էր դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Ըստ միջնորդության՝ դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել անչափահաս հայցվորի՝ Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն ինքնաբացարկ չի հայտնել։
Հարությունյանի դիտարկմամբ՝ դատավորի կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև՝ Փաշինյանի կողմից դատավորների նկատմամբ «վնգստացող դատավորներ» արտահայտությունների վերաբերյալ գնահատականներով:
Հիշեցնենք՝ Զարուհի Նախշքարյանը 2018թ. Դատավորների ընդհանուր ժողովում էր անդրադարձել Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» արտահայտությանը՝ շեշտելով, որ վերջինս իրավունք չունի մասնավորապես իրեն անվանել «վնգստացող դատավոր»: Դատավորը նշել էր, որ որևէ պաշտոնատար անձ, ով ուզում է լինի, իրավունք չունի դատավորների վերաբերյալ վիրավորական արտահայտություններ թույլ տալ:
Դատավորը նշել էր, որ ինքը վիրավորվում է, երբ դատավորներին անվանում են «վնգստացող դատավորներ», և այդ հայտարարությունները կարող են նվաստացնել դատական համակարգը։ Այս հիմքով հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը, ով, ի դեպ, այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր է, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, թե, իբրև, դատավորն ունի կանխակալ վերաբերմունք հայցվորի օրինական ներկայացուցչի՝ հոր նկատմամբ, ինչը մերժվել է։ Դատարանն արձանագրել էր, որ չկա որևէ խոսք, որը կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական, և իր խոսքերը չեն վիրավորում, չեն վերաբերում հայցվորի օրինական ներկայացուցչին։ Այլ կերպ ասած՝ իր խոսքերն անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ որպես անձի, չեն վերաբերել, այլ պաշտոնատար անձանց մասին են առհասարակ: Հետևաբար՝ ինքը բացարկի հիմքեր չի ունեցել:
Հատկանշական է, որ կարգապահական վարույթը հարուցվել էր ոչ թե այն ժամանակ, երբ դատավոր Նախշքարյանը մերժել է բացարկի վերաբերյալ միջնորդությունը, այլ դրանից շուրջ 10 ամիս անց, երբ դատավորը մերժել է Շուշան Փաշինյանի հայցը: Հենց դրանից հետո ԲԴԽ-ում քննվեց այդ կարգապահական վարույթը, և թեպետ այն միակը չէր Զարուհի Նախշքարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթներից, բայց միակն էր, որով նա կարգապահական պատասխանատվության ենթարկվեց՝ ստանալով «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Հետաքրքիր «պատահականությամբ», ստորադաս ատյան վերադարձված «Իկրայի գործը» մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին: Հատկանշական է, որ Լիզա Գրիգորյանի նկատմամբ հարուցված միակ կարգապահական վարույթը ԲԴԽ-ում մերժվելուց հետո նրա անունն ընդգրկվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում:
Լիզա Գրիգորյանն այս պահին փաստացի սպասում է նշանակման Վերաքննիչ ատյանում, և կարելի է ենթադրել, թե ինչից կամ ավելի ստույգ՝ ինչպիսի վճռից կախված կլինի նրա՝ Վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու հարցը:
Հատկանշական է, որ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն էր այսօր գրել, Լիզա Գրիգորյանը Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, սորոսական թևի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանի մտերիմ ընկերուհին է:
Ուշագրավ է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույնպես կարծել է, որ Զարուհի Նախշքարյանը բացարկման ենթակա դատավոր եղել, ու հենց այդ հիմքով է դատական ակտը բեկանվել ու կրկին ուղարկվել առաջին ատյան:
Եվ եթե համադրում ենք Վերաքննիչ դատարանի կայացրած ակտի ու ԲԴԽ-ի՝ Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ այս թեմայով հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ որոշման ժամկետները, ստացվում է, որ ԲԴԽ-ն իր որոշումը դատավորին խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ կայացրել է Վերաքննիչ դատարանի՝ Զարուհի Նախշքարյանի կայացրած դատական ակտը բեկանելուց հետո:
Եթե կա որևէ երկիր, ուր նման աբսուրդ հնարավոր է, ուրախ կլինենք իմանալ՝ որն է այն:
Ի դեպ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Զարուհի Նախշքարյանի կայացրած դատական ակտը բեկանել է Սյունիքի մարզից Երևան, ԲԴԽ որոշմամբ վերաքննիչ դատարան տեղափոխված դատավոր Սամվել Գրիգորյանը՝ ըստ ամենայնի, հենց Զարուհի Նախշքարյանի կայացրած դատական ակտը բեկանելու համար, եթե հաշվի առնենք տեղափոխության ժամկետները:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար, որովհետև նրա միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, սև խավիար շատ է սիրում: Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ-ին հրահանգել է զբաղվել այդ ռեստորանով։
Նիկոլ Փաշինյանի անչափահաս դուստրը դատի էր տվել Նարեկ Սամսոնյանին: Շուշան Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել: