Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում է հայտնի «Իկրայի գործով» նիստը, որով Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի և «Antifake» լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:
«Նախ նշեմ, որ այս գործով հայցվորի կողմից ընդամենն իր սուբյեկտիվ ընկալումներն են ներկայացվել: Բազմաթիվ անգամ արդեն դատական նիստերի ընթացքում փորձեցինք դրա վրա շեշտադրում կատարել»,-«Իկրայի գործով» վերսկսված դատաքննության նիստից հետո 168.am-ի հետ զրույցում ասաց «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի շահերի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանը:
Հոկտեմբերի 4-ին փաստաբան Ծովինար Կարապետյանը տեղեկացրեց՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի վարույթում քննվող` ըստ հայցի Շուշան Նիկոլի Փաշինյանի ընդդեմ Նարեկ Սամսոնյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահաջների մասին քաղաքացիական գործի շրջանակներում ստանձնել է Նարեկ Սամսոնյանի շահերի պաշտպանությունը։