
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի:
«Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս միջանցք ունենալ դեպի Նախիջևան առանց որևէ խոչընդոտի ու երկարաժամկետ երաշխիքով, և էներգետիկայի տարանցման միջանցք հաստատել ուղղակիորեն Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ իր դաշնակիցների համակարգմամբ: Մենք պետք է հաշվի առնենք, որ տվյալ իրավիճակը դժվար թե պահպանվի և շարունակվի, ու այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի», – ասել է Հեդայաթին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հորջորջվող այսպես կոչված «միջանցքի» բացմանը ՀՀ Սյունիքի մարզի տարածքով և ընդգծել է, որ հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն անընդունելի է իր համար: