«Հանրությունն այսօր չի վստահում Նիկոլ Փաշինյանին․ պետության ամբողջ բեռն այսօր ընկած է 18-20 տարեկան երիտասարդների ուսերին». Տաթևիկ Հայրապետյան

Հանրային ու փորձագիտական տարբեր շրջանակներ արձանագրում են՝ գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսարանն Ադրբեջանի կողմից ռազմական ու հոգեբանական ահաբեկչության հերթական արարն էր, որը Հայաստանին ու միջազգային հանրությանը դարձյալ ստիպեց առերեսվել ադրբեջանական ռասիզմի հետ:

Տեսանյութից հետո Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել էր. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում տրվեց, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»։

ԱԺ նախորդ գումարման իշխող «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նկատում է . «Դիվանագիտությունը կարող է հաջողել, եթե, ընդհանուր առմամբ, պաշտպանության հարցում ենք մենք հաջողում»:

Ըստ ադրբեջանագետի, սակայն, այսօր ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը փաստացի ուժի սպառնալիքով հայկական կողմին շարունակ դրդում է հետ նահանջել իր նախկին բոլոր դիրքորոշումներից: Որպես ասվածի ապացույց՝ Տաթևիկ Հայրապետյանը հիշեցնում է հերթական հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների» մասին Փաշինյանի հայտնի արձանագրումը:

Կարդացեք նաև

«Դա անորոշ, լղոզված ձևակերպում է, որն ընդհանրապես համարժեք չէ նույնիսկ ՔՊ նախընտրական ծրագրին, որում սևով սպիտակի վրա գրված է, թե իրենք պայքարելու են ինքնորոշման իրավունքի անվերապահ իրացման համար, որովհետև կարծում են ՝ Ադրբեջանից եկող վտանգներն էքզիստենցիալ սպառնալիք են Արցախում ապրող մեր հայրենակիցների համար:

Նրանք այդ ծրագրով եկել են իշխանության, հետո վեր կացան և հայտարարեցին, որ նշաձող են իջեցնում և այլն,- ԼՂ հիմնախնդրում իշխանությունների վարքագծին անդրադառնալով՝ մանրամասնեց նա, ապա այս համատեքստում խոսեց ՀՀ հարցում այն վտանգավոր ընկրկումների մասին, որոնք ազդել են առկա իրավիճակի ստեղծման վրա,- Երբ 2021թ․ մայիսին ադրբեջանական զորքերը մտան մեր սուվերեն տարածք, իշխանությունների ձևակերպումները սկզբում խիստ էին. նաև վարչապետը հայատարարեց՝ պետք է վերադառնան ելման դիրքեր, եղան պաշտոնական հայտարարություններ, որ չեն գնա հետագա բանակցությունների, մինչև ադրբեջանական զինված ստորաբաժանումները դուրս չբերվեն: Այդ ամենի ներքո, սակայն, հետո արդեն սկսվեց նախընտրական քարոզարշավը, և իրենք դարձյալ ելնելով իրենց նեղ կուսակցական շահերից՝ արեցին հայտնի հայելային հետքաշման մասին հայտարարությունը, որի հետևանքով Ադրբեջանը հայտարարեց, թե դրանք վիճելի տարածքներ են, իսկ այն հասցեական հայտարարությունները, որոնք ունեինք միջազգային հանրությունից, հօդս ցնդեցին:

Այսինքն՝ եթե այն ժամանակ ՀՀ-ն հարցը տաներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ու ոչ թե կանգնեին-ասեին՝ այսքան տարածքի համար հո չե՞նք պատերազմի, կամ նման այլ անհեթեթ ու վտանգավոր ձևակերպումներ, դա կզսպեր Ադրբեջանի ագրեսիան այս տարվա սեպտեմբերին»:

Տաթևիկ Հայրապետյանը շեշտում է՝ դիվանագիտության մեջ Ադրբեջանը չի անելու իր պարտավորությունները, որովհետև ինքը փաստացի ուժով է լուծում իր խնդիրները:

Անդրադառնալով գերիների թեմայի ադրբեջանական շահարկումներին՝ ադրբեջանագետը նկատեց, որ այս թեման հայ հանրության դեմ օգտագործվող հոգեբանական զենք է, իսկ նման իրավիճակներին դիմակայելու պետության ջանքերը բավարար չեն՝ ո՛չ տեղեկատվական առումով հանրության հետ աշխատանքների հարցում, ո՛չ միջազգային հարթակներում գործունեության:

Ըստ նրա՝ «հանրությունն այսօր չի վստահում Նիկոլ Փաշինյանին», թեև նա հաճախ է նշում, որ իրեն ընտրել են.

«Կա խորը անվստահություն՝ նա ինչ-որ թղթեր կստորագրի՞ մարդկանց մեջքի հետևում, թե՞ չի ստորագրի, կամ ինչ-որ պայմանավորվածություննե՞ր կան, որոնց մասին տեղյակ չեն, և այլն: Երկու տարի անընդհատ հանրությանը ուղղակի բթացրել են, որ ինչ-որ դարաշրջան են փորձում բացել, որ ինչ-որ հաշտեցման, համակեցության ուղիներ են մշակել: Իսկ ես առիթ ունեցել եմ ասելու, որ այդ համակեցության քարոզիչներն ինձ համար ԼՂ ժողովրդին բնաջնջելու կողմնակիցներ ոնց որ լինեն. իրենք չեն ուզում հասկանալ, թե ինչ պետություն է Ադրբեջանը:

Մարդիկ պետք է պատկերացնեն դա. այսօր մեր հանրությունն էլ նորմալ չի պատկերացնում Ադրբեջանում քարոզվող ռասիզմի աստիճանը, որպեսզի դրան համարժեք հասկանան, որ ինքնապաշտպանությունը, պատրաստվելը դա իր ֆիզիկական անվտանգության միակ ու գլխավոր երաշխիքն է»:

Իշխող թիմի նախկին անդամը հավելում է, որ այսօր դիվանագիտական աշխատանքը պետք է զուգահեռվի Զինված ուժերում, տեղեկատվական քաղաքականության մեջ լրջագույն աշխատանքով:

«Երկու տարի մսխվել է. իրենք են դա խոստովանում: Իրենք ԱԺ ամբիոնից ասացին, որ 2 տարի չեն պատրաստվել Ադրբեջանի նման հարձակման. հարց է ծագում՝ ինչո՞ւ, եթե անգամ բաց աղբյուրներով էր ակնհայտ, որ Ադրբեջանը նախապատրաստվում էր հարձակման:

Պետք են մարդիկ, որոնք կարող են ռազմավարություն մշակել, որոշակի նոր մտածելակերպ բերել. հին մեթոդներով մենք նորից զոհեր ենք ունենում, նույնիսկ 2020 թվականի պատերազմի սխալները վերլուծությունների չեն ենթարկվել, որպեսզի կարևոր եզրակացություններ բխեին:

Ի վերջո, մեր զինվորները կանգնած են սահմանին, բայց նրանք պետք է ունենան համարժեք միջոցներ այս սահմանի պաշտպանությունն աահովելու համար. ուղղակի ամբողջը թողնել նրանց ուսերին, անթույլատրելի է: Մեր ամբողջ պետության բեռն այսօր ընկած է 18-20 տարեկան երիտասարդների ուսերին»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս