Բաժիններ՝

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության ծավալն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 2 մլրդ դոլար

Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 2 մլրդ դոլար: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

«Իմ ներկայացրած թվերը բավական խոսուն են: Թվերը շարունակում են աճել, հույս ունենք, որ տարեվերջին կունենանք առավել շատ դրական ցուցանիշներ: Մենք բոլոր ուղղություններով ունենք շատ լավ զարգացման հնարավորություններ ու նախադրյալներ: Օրինակ, շատ մեծ տեմպով Հայաստանում զարգանում է շինարարության ոլորտը, մենք դա արձանագրում ենք և իրազեկում մեր բիզնեսին: Միայն շինարարության ուղղությամբ տարվա ընթացքում Հայաստանում անցկացվում է 4 ցուցահանդես, ինչը շատ կարևոր է բիզնես կապերի հաստատման գործում»,-ասաց Աննա Դոնչենկոն:

Նա տեղեկացրեց, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի ու Ռուսաստանի շինարարների միությունների միջև, ինչը կնպաստի ոլորտում կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Աննա Դոնչենկոն ընդգծեց, որ իրենց համար կարևոր են բոլոր ոլորտները:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևն ընդգծեց, որ առաջին կիսամյակում 2 մլրդ դոլարը լուրջ ցուցանիշ է և կարևորեց տարբեր ոլորտներում համագործակցության ներուժի ակտիվ իրացումը:

«Ինչպես տեսնում ենք հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը բավական հաջողությամբ զարգանում է: Դա տարբեր ուղղություններով զգալի աշխատանքի արդյունք է: Դրանում ազդեցություն ունի երկու երկրների գործարարների մասնակցությամբ ցուցահանդեսների, բիզնես ֆորումների կազմակերպումը»,- հավելեց Անատոլի Նիկոլաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս