Աշխատավարձի չափը բացարձակ կապ չունի կրթական մակարդակի հետ. Գիտնականներն ու ուսուցիչները հակադարձում են Փաշինյանին
«Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է, կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ ինքը նորմալ կրթություն չի ստացել: Իհարկե, կան դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ»,- ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ եթե անձը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է, ուրեմն այն որակավորումը, որն ինքը ստացել է 20 տարի առաջ, հնացել է:
Կրթության, գիտության ոլորտի ներկայացուցիչներն այս բնորոշման ու գնահատականի հետ համաձայն չեն: Մեզ հետ զրուցած թե գիտաշխատողները, և թե ուսուցիչները նշեցին, որ աշխատավարձի չափը բացարձակ կապ չունի կրթական մակարդակի հետ, բայց կարևորեցին աշխատավարձի բարձրացումը:
Նրանցից շատերը 168.am-ին փոխանցեցին, որ բուհի ամբիոնի ասիստենտը, որ նաև գիտությունների թեկնածու է, ստանում է, օրինակ, 73600 դրամ, իսկ ով թեկնածու չէ՝ 67.000 դրամ:
Ուսուցիչների հետ մեր զրույցներից էլ պարզվեց, որ նրանց մեծ մասը շարունակում է ցածր աշխատավարձ ստանալ:
Պարզվեց՝ 15 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցչի աշխատավարձը մաքսիմում 80-90.000 դրամ է կազմում: Իսկ ով 15 տարուց ավելի մասնագիտական ստաժ ունի, ստանում է 119.570 դրամ, եթե ապահովված է մեկ դրույքով:
Կա նաև ուսուցչի օգնականների ինստիտուտը, որը 2019 թվականից մտավ հանրակրթական ուսումնական հաստատություն, նրանք էլ միջինը մինչև 70.000 դրամ աշխատավարձ են ստանում:
«Ինքս Մանկավարժական համալսարանն եմ ավարտել և բավականին լավ կրթություն եմ ստացել, աշխատել եմ դպրոցում ու այդ բարդ, պատասխանատու աշխատանքի համար ստացել եմ 72000-75000 դրամ աշխատավարձ, այդ պատճառով էլ ստիպված եմ եղել թողնել սիրելի աշխատանքը: Ի դեպ, կրթություն չունեցողները հիմա ավելի բարձր աշխատավարձ են ստանում»,- մեզ հետ զրույցում նշեց ուսուցիչներից մեկը:
Ռեստորանային, հյուրանոցային ոլորտում աշխատողները ևս տեղեկացրեցին, որ ամեն օրվա համար են վարձատրվում, ու դա կարող է լինել 2000-3000 դրամ, ու այստեղ ոչ թե իրենց մեղավորությունն է, այլ գործատուի:
«Աշխատում եմ մասնավոր ոլորտում, ստանում եմ 160.000 դրամ աշխատավարձ, որովհետև ոչ տնօրենի ծանոթն եմ կամ բարեկամը, ոչ էլ քծնանքի վարպետ եմ: Մյուս գործընկերներս ստանում են 250.000-ից բարձր աշխատավարձ ու գիտելիքի առումով առաջամարտիկ չեն, հիմա ո՞վ է մեղավոր, ե՞ս, թե՞ նրանք»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթին: Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման միջոցով նախատեսվում է նպաստել՝ աղքատության կրճատմանը, նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցության նվազմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005 թ. սահմանվել է 13,000 դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020 թ. հունվարի 1-ից սահմանվել է 68,000 դրամ։
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։
Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:
Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։
Պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։