Ժամանակին Ադրբեջանը դժգոհել էր, որ Հայաստանը Եվրոպայից և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք է գնում

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ին անդամությունը բնավ չի խանգարում եվրոպական, արևմտյան երկրներից զենքի գնմանը:

Նույնն ասել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ փաստաբանական խմբի միջոցով պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

«Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները»,- անդրադառնալով Արևմուտքի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությանը՝ շեշտել է Տոնոյանը:

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիպուկահարային պատերազմի ժամանակահատվածում նախկինների օրոք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, եվրոպական պետություններից զենք գնվել է՝ ելնելով տվյալ պահի կամ ժամանակահատվածի անվտանգային խնդիրներից:

Կարդացեք նաև

Մասնավորապես, 2011, 2012, 2013 թվականներին, երբ առաջնագծում, ինչպես նշեցինք, գործ ունեինք դիպուկահարային պատերազմի հետ, և առաջնային խնդիր էր առաջնագծից դիպուկահարների երկկողմանի հեռացումը, ինչին Ադրբեջանը չէր գնում, իսկ հայկական կողմն էլ, բնականաբար, միակողմանի չէր գնալու դրան, այդ ժամանակվա իշխանությունները հայկական բանակի զինանոցը համալրում էին աշխարհում լավագույնը համարվող դիպուկահար հրացաններով:

Վերը նշված ժամանակահատվածը հայկական բանակի համար այս առումով բավականին հարուստ էր: Խոսքը, մասնավորապես, սերբական «M-93 Black Arrow» («Սև նետ»), բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մասին է: Իսկ 2012թ. հունվարին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի ժամանակ հայտնի դարձավ, որ հայկական ԶՈՒ-ն ձեռք է բերել նաև ավստրիական «Steyr Mannliche» հանրահայտ ընկերության SSG 08 հրացանը:

Ավելի ուշ իմացանք, որ ՀՀ ԶՈւ-ն սպառազինված է նաև ֆրանսիական արտադրության PGM.338 դիպուկահար հրացաններով։ Վերևում թվարկված դիպուկահար հրացանները 2013 թվականին ցուցադրվեցին նաև Նոյեմբերյանի զորամաս այցելած լրագրողների համար:

Ի դեպ, Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել՝ հատկապես բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մատակարարման հետ կապված:

168.am-ին հասած տեղեկություններով, նախորդները կարողացել են ֆիննական փամփուշտներ ձեռք բերել, սակայն ավելի ուշ դրանք համարվել են թանկ, և որոշվել է գնել սերբական փամփուշտներ, որոնցից դժգոհություն է եղել, թե դրանք դիպուկահար հրացանների համար այնքան էլ արդյունավետ չեն:

Մեր տեղեկություններով, դա եղել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի օրոք՝ մինչև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը:

Հավելենք, որ 2020-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում բողոքել էր, որ հայկական կողմն ամերիկյան տեսադիտարկման սարքեր է գնել:

«Բանակցություններ են ընթանում, բայց հայերն իրենց ամերիկյան հովանավորների շնորհիվ, ինչի մասին ես ասել եմ նաև ԱՄՆ ներկայացուցիչներին, գնել են ռազմական նշանակության սարքավորումներ, սարքեր և տեղադրել շփման գծի երկայնքով: Իհարկե, հայտնի չէ, թե դա ինչպես է հնարավոր եղել: Խոսքը տեսադիտարկման սարքերի մասին է»,- նշել էր Հասանովը:

Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, այս շարքը կարելի է շարունակել: Իսկ թե ինչո՞ւ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին չի վաճառում զենք, երբ մեկ տարի առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ասում էր, որ իրեն Ռուսաստանում սպառազինության հետ կապված ոչ բառը չեն ասել, սա էլ այլ խոսակցության թեմա է, որին առաջիկայում ևս կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս