Պատերազմից հետո ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ շռայլություն. ռազմավարական որոշումներ են պետք. Սյուզաննա Շամախյան
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած Գլոբալ ինովացիոն ֆորումն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը՝ Երևանում։
Այս տարի ֆորումը կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը, որի շուրջ Երևանում հավաքվելու են գիտնականներ, ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից՝ ի մի բերելու մասնավորապես արհեստական բանականության ոլորտում Հայաստանի և այլ երկրների գիտական նորամուծությունները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը, խոսելով Գլոբալ ինովացիոն ֆորումի մասին, նշեց.
«Այս միջոցառման նպատակն է՝ աշխարհը բերել Հայաստան, մեր երկրում համախմբել արհեստական բանականության ոլորտի հայտնի մասնագետներին, որովհետև մեր տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հենց այս ոլորտում ունի մեծ ասելիք, ուստի, խոշոր հաշվով, մեր նպատակն է, որ Հայաստանն արհեստական բանականության ոլորտում հայտնվի աշխարհի քարտեզի վրա»։
Ըստ Շամախյանի՝ հոկտեմբերի 5-6-ը Հայաստան կայցելեն ոչ միայն գիտնականներ, այլ նաև գիտական պրոդուկտը բիզնեսի վերածած ձեռներեցներ։
«Այդ օրերին Հայաստանում կլինեն, այսպես ասած, «երկու գլխարկ» կրող մարդիկ՝ գիտնական ձեռներեցներ, ինչպես, օրինակ, Նուբար Աֆեյանն է, կլինեն մասնագետներ նաև Ամազոնից և այլ հայտնի կազմակերպություններից։ Մենք կտեսնենք մարդկանց, ովքեր նաև համագործակցում են Հայաստանում ապրող գիտնականների հետ տարատեսակ ծրագրերի շրջանակներում»,- ասաց Շամախյանը՝ հավելելով՝ կարևոր է հասնել նրան, որ երիտասարդի մոտ գիտության նկատմամբ հետաքրքրվածություն առաջանա, որ երիտասարդը հասկանա, որ գիտությամբ զբաղվելով՝ կարող է նաև բիզնես գործունեություն իրականացնել։
«Մեր նպատակն է նաև՝ Հայաստանում ձևավորել այնպիսի միջավայր, որ գիտնականները ցանկանան մնալ Հայաստանում և դառնալ աշխարհի մասշտաբով մրցունակ գիտնական։ Պետք է այնպես անել, որ, լինելով Հայաստանում, նա կարողանա աշխարհի հետ կապված լինել՝ հայտնի դառնալ գիտական հանրությանը հենց Հայաստանից, ավելին՝ անել այնպես, որ այն գիտնականները, որոնք տարբեր պատճառներով հեռացել են Հայստանից, վերադառնան մեր երկիր»,- ասաց FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահը։
Ըստ Շամախյանի, որպեսզի Հայաստանը 2041 թվականին հայտնվի աշխարհի 10 նորարար երկրների ցանկում, միայն հիմնադրամների աշխատանքը բավարար չէ, ուստի պետության կողմից պետք է լինի այդ հարցի վերաբերյալ ընդհանուր տեսլական։
«Նշեմ, որ այդ գիտակցումը պետության մակարդակով արդեն իսկ կա, ինչը լավ է, բայց պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ, ընդգծվեն, թե այսուհետև ո՞ր ուղղություններով պետք է տրվեն ֆինանսավորումները, կամ ո՞ր գիտական ուղղություններով դրանք պետք է ավելի շատ լինեն, այլապես, եթե դա չարվի, տեղի կունենա ռեսուրսների փոշիացում, իսկ մենք ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ շռայլություն. հստակ ռազմավարական որոշումներ են պետք՝ առավելապես պատերազմից հետո»,- ասաց Շամախյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում