«Գետինը մտնենք ազգովի. մեզ իջեցրինք այն մակարդակին, որտեղ պետություն ունենալու իրավունք չունենք». Հարություն Մեսրոբյան

Մեր պետականությունն ունի մեծ կորուստներ, եթե մարդկանց թվում էր, որ կարելի է Արցախից 10 հազար քառակուսի կիլոմետր կորցնել ու մեր պետականությունը պահպանել կամ անել այնպես, որ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լինի, դա նշանակում է՝ այդ մարդիկ ի ծնե անգրագետներ են։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ներքին և արտաքին զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ ընդգծելով.

«Կա հայկական գործոն, կա թուրքական գործոն. հայկական գործոնը նահանջում է, իսկ, թե իրավաբանորեն այդ երևույթն ինչպես են ձևակերպում, դա արդեն էական չէ, դա գրանցամատյանների համար է արվում ընդամենը։ Մեր դեմ մենք ունենք մի թշնամի, որն ունի մեկ նպատակ՝ ֆիզիկապես վերացնել հայկական գործոնը, ուստի, ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ խաղաղության դարաշրջանի մասին խոսացողներն ընդհանրապես այս աշխարհի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ. Չէ՞ որ ինչպես ասել է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը, անիմաստ է բանակցել մի ուժի հետ, որի նպատակը քեզ ոչնչացնելն է։ Մեր դեպքում, իհարկե, կարող են աշխատավարձ և պարգևավճար ստանալու համար շարունակել բանակցել, բայց դրանից օգուտ չկա. փաստ է՝ թշնամու վրա ազդում են միայն համազոր ուժով»։

Բանակցություններ վարելու համատեքստում կառավարման փորձագետն ուշադրություն հրավիրեց օրերս Գարեգին Վեհափառի միջնորդությամբ և Արցախի ու Հայաստանի 5 նախագահների մասնակցությամբ կայացած հանդիպմանն ու դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ ընտրել լուծումներից նվազագույն ցավոտը։

Ըստ Մեսրոբյանի՝ այդ հանդիպումից ինքն ակնկալիք չուներ. այն համարում է ուշացած։

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց առաջին նախագահի երեկ հարցազրույցում հնչեցրած մեկ այլ ձակերպման վրա, ըստ որի՝ Հայաստանը կապիտուլյացվել է։

«Անձամբ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ դրական չէ, բայց այս մարդը փաստերն է արձանագրում՝ այո, մենք կապիտուլյացվել ենք, ուստի, եթե մարդն ախտորոշումը ճիշտ է դնում, ինչո՞ւ ենք դրանից դժգոհում։ Բա հինավուրց ազգին սազակա՞ն էր 2018 թվականին կաթսաներով դուրս գալ փողոց ու պետություն կառուցել։ Բա, գետինը մտնենք ազգովի. մենք մեզ իջեցրինք այն մակարդակի, որտեղ պետություն ունենալու իրավունք չունենք»,- ասաց Մեսրոբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս