Խնդրեմ շարունակենք, կես տարի էլ շարունակենք, երկիր չենք ունենա․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Սրանով մենք ավելի բարդացնելու ենք, ավելի թուլանալու ենք, ավելի մեծանալու են Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները մեզանից»,-այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա պնդեց, որ ոչ ոք չի տիրապետում բանակցային ամբողջ ինֆորմացիային` բացի Փաշինյանից ու, գուցե,իր շատ նեղ շրջապատից։ «Կգա, կասի՝ ինձ Պուտինն այսպես ասաց, Թրամփն այս ասաց, չգիտեմ՝ Բայդենը սա ասաց, Մակրոնը՝ սա ասաց, ես որտեղի՞ց վստահ լինեմ, որ այդպե՞ս է ասել, թե՞ այդպես է հասկացել»,-ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հարցին, թե ի՞նչն է խանգարում նախկին նախագահներով հրավիրել Նիկոլ Փաշինյանին հանդիպման, Տեր-Պետրոսյանն ասաց, որ օրերս կայացած հանդիպման վերաբերյալ իր առաջարկած տեքստը, որը նա ընթերցեց, հենց այդ մասին էր։
«Իմ առաջարկը հենց դա էր, այլ բա՞ն եմ ասել։ Եվ ասել եմ նաև՝ մենք ինչի ենք պատրաստ։ Թեկուզ այդ ամեն ինչում համարենք սխալ է Նիկոլը, սխալ է արել, որ բերել-հասցրել է պատերազմի և այլն, և այլն, բայց նաև մենք ինչի ենք պատրաստ։ Ես անձամբ, չգիտեմ՝ մյուսները պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Ըստ երևույթին պատրաստ չէին, որ հետաձգվեց։ Ես պատրաստ եմ՝ ի՞նչ է եղել, բայց միայն իմ պատրաստ լինելը ոչ Փաշինյանին կօգնի, ոչ էլ Հայաստանին։ Պետքեն նաև այդպիսի ուժեր, որոնք ունեն հեղինակություն, ինստիտուցիոնալ ուժեր են դրանք՝ մեկը իշխանությունն է ու մյուսն էլ մի քանի կուսակցություն կան պառլամենտական ֆրակցիաներ կան, ինստւտիցիոնալ են»,-ասաց նա։ ՀՀ առաջին նախագահն ասաց, որ եթե կա որևէ այլ մեկը, որը ավելի լավ ելք, լուծում գիտի, ապա թող հրապարակի, ինքն այլ լուծում չի տեսնում։
Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հեգնական ձևակերպված հարցի, թե ընդդիմությունը հեղաշրջում է ցանկանում, բանակցողի փոփոխություն, դրա արդյունքում դրական փոփոխություններ, Տեր-Պետրոսյանն ասաց, որ տաֆտալոգիայի չի պատասխանի, ինքն իր կարծիքն ունի.
«Իրենք գուցե հազար ու մի ինձնից լավ ծրագրեր ունեն, թող անեն, այդպես անելով` մենք ավելի ենք բարդացնելու մեր վիճակը։ Եթե այսօր դեռ հնարավոր է քիչ թե շատ տանելի լուծում, եթե շարունակեն էս ներքին խռովությունները, ամեն մարդ արդեն իրեն ՀՀ հաջորդ նախագահ է զգում և այլն, և այլն, սրանով մենք ավելի բարդացնելու ենք, ավելի թուլանալու ենք, ավելի մեծանալու են Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները մեզանից։ Խնդրեմ շարունակենք, կես տարի էլ շարունակենք, երկիր չենք ունենա, չենք ունենա»,-ասաց նա։
Զրուցավարի հակադարձմանը, թե ընդդիմադիրներն ու վերլուծաբաններն ասում են` եթե տանք, բա որ Ադրբեջանն ավելին ուզի՞, Տեր-Պետրոսյանը կոկորդիլոսի մասին անեկդոտ պատմեց:
Նա հավելեց, որ պետք է տեսնել, թե ինչպիսի՞ լուծումներ են և այդ լուծումներից ամենաքիչ ցավալին ընտրել։