«Այդ միջոցառումների ընթացքում արարողակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել». հակադարձում են ՀՀ նախագահականից

Բրիտանիայի թագուհու հրաժեշտի արարողությանը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի «աղմկահարույց» մասնակցությունը մի քանի օր միջազգային ու տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր:

Հիշեցնենք, որ այդ դիպվածը սկզբում բրիտանական մամուլում էր սկանդալային լուսաբանման առիթ դարձել։

168.am-ը սեպտեմբերի 19-ին այս առնչությամբ մի քանի հարցադրումներ էր հղել նախագահին՝ նշելով.

Կարդացեք նաև

«Ձեր հասցեին հնչող խիստ քննադատություններ են առ այն, որ լուսանկարվել և բարձրախոսել եք Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դագաղի մոտ՝ խախտելով միապետի հետ հրապարակային հրաժեշտի սահմանված կանոնները, և նաև՝ բարձրաձայն եք խոսել ձեր օգնականների հետ:

1. Արդյոք տեղյա՞կ չէիք սահմանված կանոններին։

2. Արդյոք տեղյա՞կ էիք, որ դեսպանը ձեզ լուսանկարելու է։

3. Սա նախագահականի Արտաքին կապերի և արարողակարգի վարչության

թերացո՞ւմն է, թե՞ անձամբ Ձեր:

4. Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այդ միջադեպը հարթելու ուղղությամբ»։

Այսօր նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան մեր հարցադրումների՝ հայտնեցին. «Հանրապետության նախագահը սեպտեմբերի 17-20-ը աշխատանքային այցով գտնվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունում, մասնակցել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորության պաշտոնական արարողությանը, Չարլզ Երրորդի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելություններին:

Բնավ համամիտ չլինելով «տեղեկատվություն ստանալու հարցում» վերտառությամբ նախագահի աշխատակազմին ուղղված գրություններում առկա ենթադրյալ խախտումների վերաբերյալ գնահատականների հետ, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել»:

Ի դեպ, նախագահականից նաև հայտնել էին, որ այցի ընթացքում տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ տարբեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է իրավիճակը Հայաստանում՝ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո:

Տեսանյութեր

Լրահոս