Ինչո՞ւ է լռում գեներալիտետի ճոխ կյանքի ու զինվորի՝ փամփուշտ չունենալու մասին նախկինում գրող Աննա Հակոբյանը
Սեպտեմբերի 13-ից հետո՝ ադրբեջանական ռազմական վերջին գործողությունների համատեքստում, դարձյալ «ջրի երես» դուրս եկան դիրքերի կահավորման հետ կապված հարցերը, ռազմատեխնիկայի չքողարկման և ՀՕՊ միջոցների տեղակայման վայրը չփոխելու խնդիրները, ինչպես նաև՝ զենքի պակասի, որի մասին խոսում են հենց իշխանությունները, գիշերային տեսանելիության սարքերի, վրանների, բահերի և այլ խնդիրների, ինչպես շրջանառվում է սոցցանցերում:
Եվ ոչինչ, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել էր, որ ի վիճակի են բավարարել բանակի կարիքները:
Հարցն այն է, որ այս իրավիճակը ոչ մի կերպ չի անդրադառնում Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների կենսակերպի վրա՝ ծախսեր, շրջագայություններ, ռեստորաններ, բիզնեսի և անշարժ գույքերի ձեռքբերում, ըստ ԶԼՄ-ների՝ դրսի բանկերում հաշիվների բացում և այլն, նույնը կարելի է ասել նրա թիմի անդամների մասին:
Հենց այստեղ հիշում ես «Հայկական ժամանակի» խմբագիր-լրագրող Աննա Հակոբյանի՝ «Գեներալիտետի ճոխ կյանքը հիշելու ժամանակացույց. հաջորդ փուլը` հաջորդ պատերազմին» վերտառությամբ հոդվածը և այդտեղից որոշ հատվածներ:
Մասնավորապես՝
«Պատերազմի օրերին քառօրյա նիստեր էին: Այն ժամանակ էլ հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացել՝ կապված այն բանի հետ, որ որոշ գեներալներ բանակի փողերը թալանելով՝ թանկարժեք մեքենաներ են վարում, ապարանքներում են ապրում, մինչդեռ մեր զինվորները սահմանին 80-ականների զենքով են կանգնած, անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չունեն, կապի միջոց չունեն և այլն»:
Կամ՝
«…Պատգամավորները բոցաշունչ ելույթներ ունեցան արդարության վերականգնման և այդ օրերին մեկ մարդու պես ռազմաճակատ շտապող ժողովրդին արժանին մատուցելու մասին»:
Արդյո՞ք 44-օրյա պատերազմի օրերին նույնը չի արել Փաշինյանը և իր թիմը, արդյո՞ք այսօր նույնը չի արվում:
Վերջին թարմ օրինակներից. ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը ռեստորանի ֆոնին տոկունության և հանդուգն լինելու կոչ էր անում երեկ:
Իսկ բանակն ու զինվորը հանդուգն են, բայց պետք է նրանց թիկունքն ամրացնել՝ պատերազմին պատշաճ պատրաստվելով:
Ի դեպ, հետաքրքիր է՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս օրերին հիշե՞լ է իր վերը նշված հոդվածը, կարդացել, դրանից ելնելով ինքն իրեն հարցեր տվել: Թերևս՝ ոչ:
Այս հարցը մեկ անգամ էլ էինք բարձրացրել՝ Փաշինյանի իշխանության օրոք ունեցած ոչ մարտական և մարտական պայմաններում զոհերի ահռելի թվի ֆոնին, որն այսօր էլ կանգ չի առել, շարունակվում է:
Այս տարվա ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ունեցած ելույթում մի այսպիսի միտք էր արտահայտել, որն այդքան էլ չշրջանառվեց, բայց այն պատասխանում է, թե ինչու չեն կահավորվել դիրքերը, ինչպես որ պետք է:
«Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ: Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով»:
Այսինքն, դիրքերը չենք կահավորել, թեպետ դեռ շատ տեղերում ժամկետայիններն ու պայմանագրայիններն են կանգնած, որովհետև վազել ենք «խաղաղության դարաշրջանի» հետևից, որը, ըստ էության, բանակին զրկել է խաղաղություն պարտադրելու իրավունքից, ինչը նա ուներ երբեմնի փխրուն խաղաղության պայմաններում: Այսօր մենք խնդիր ունենք ՌԴ-ից ստանալու այդքան քննադատված 80-ականների զենքերը և այսպես շարունակ:
Իսկ «Հայկական ժամանակի» խմբագիր և գեներալների ճոխ ունեցվածքի մասին թմբկահարած Աննա Հակոբյանը լռում է, որովհետև այսօր նա բախտի բերմամբ կարգավիճակով վարչապետի կին է և կարողանում է իրեն թույլ տալ այնպիսի ծախսեր և ֆինանսական կարողություններ, որի մասին միայն կարող էր գրել: