
Թուրքմենստանի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ Աշխաբադում կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի, Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ հոկտեմբերի 8-ին Աշխաբադի «Մուկամով» պալատում համերգային ծրագիր է կազմակերպվելու:
Orient.tm-ը հայտնում է, որ երեկոյին հնչելու են Առնո Բաբաջանյանի հանրահայտ ստեղծագործությունները Թուրքմենստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Ռասուլ Կլիչևի ղեկավարությամբ:
Թուրքմեն երգիչները կկատարեն Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք», «Երկրագնդի լավագույն քաղաքը» և այլ երգեր, որոնք կոմպոզիտորը գրել է՝ համագործակցելով Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու հետ:
«Իմ Երևան» երգը, որը թուրքմեն արտիստները կկատարեն միասին, կեզրափակի տոնական համերգը: