Հայկ Մարությանից հետո մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել. մնացածն իրավապահներին դաշտում է. Տիգրան Ավինյան
Այսօր Երևանի փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանն ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) դեռևս Հայկ Մարությանի քաղաքապետ եղած ժամանակ երկու անգամ փորձ կատարել է քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու, սակայն քաղաքապետարանում բավական մեծ դիմադրության է հանդիպել:
«Այո, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են, և եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Մնացածն իրավապահներին դաշտում է»,- ասել է Տիգրան Ավինյանը
Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանին համարո՞ւմ է իրեն հիմնական մրցակից Երևանի ընտրություններում, նա նշել է, որ ինքն այս պահին որևէ մրցակցության մասին չի կարող խոսել, «Այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ: Ես այս պահին կենտրոնացած եմ լինելու միմիայն փոխքաղաքապետի աշխատանքների վրա: Պետք է կենտրոնանալ օրվա խնդիրների վրա, որոնք ունեն հրատապ լուծման կարիք»,- եզրափակել է Տիգրան Ավինյանը։