Ալեն Սիմոնյանը նկատողություն է հայտարարել իր ընկեր Վահան Նարիբեկյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր որոշում է կայացրել, որով նկատողություն է հայտարարել ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ապահովումը ձախողելու համար:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.
1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,- նշված է ԱԺ նախագահի որոշման մեջ: