
Հայկական Կարմիր խաչը մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակիչներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մարդասիրական ոլորտում որպես աջակցող կառույց Կառավարությանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ,՝ այս օրերին խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության պայուսակների տեսքով: Այս մասին նշված է Հայկական Կարմիր խաչի ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։
ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:
ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։
Արձագանքն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: