«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի գործով կալանավորված երեք անձանցից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել. որևէ պաշտոնատար անձ առ այս պահը մեղադրյալի կարգավիճակ չունի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի գործով կալանավորված տնտեսվարողներից մեկի խափանման միջոցը փոխվել է, նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։
Դատախազությունից տեղեկացրել են, որ քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել: Մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել: Ավելին՝ Երևանի դատախազը միջնորդագիր է ներկայացրել՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
Վարույթի շրջանակներում ձերբակալվել էր չորս անձ, որոնցից երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), մյուս երկուսը՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասի (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հատկանիշներով։
Ձերբակալվածների թվում է եղել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության փոխտնօրենը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Նրան կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել էր:

Գործով կալանավորվել էին ձերբակալված մյուս երեք անձինք, որոնք եղել են պահեստը շահագործողները. Նրանցից մեկը նույնպես մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուս երկուսը մեղադրվում են ՀՀ ՔՕ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ կյանքից զրկելու հատկանիշներով։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ այս պահիի մեղադրյալները չորսն են, կալանավորված երեք անձանցից մեկի խափանման միջոցը փոխվել է, նա գրավի դիմաց ազատ է արձակվել։
Վարույթի շրջանակներում տուժողի կարգավիճակ ունի 90 անձ, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35–ը` ֆինանսական:
Փաստացի առ այս պահը որևէ պաշտոնատար անձի, այդ թվում, ՔՏՀԱ ՏՄ աշխատակցի մեղադրանք չի առաջադրվել՝ ողբերգական դեպքի համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930