ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակումից տեղեկանում ենք, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին է ներկայացրել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին դեսպան պարոն Մարկոս Գոմես Մարտինեսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: