«Երազում էր սեփական ԱԹՍ-ն ստեղծել»․ 19-ամյա Գուրգենը հրետանավոր էր, զոհվել է Սյունիքում
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զոհված Գուրգեն Զաքարյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից էր՝ 19 տարեկան, ունի իրենից մեծ 1 քույր և փոքր՝ դպրոցահասակ եղբայր։
«Ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում, հայրը նաև շինարարությամբ է զբաղվում, օրվա քրտինքով ապրող մարդիկ են։ Քույրը համալսարանում է սովորում, եղբայրը՝ 8-րդ դասարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանը, որը նաև Գուրգենի ուսուցիչն է եղել։
Նախկին աշակերտին Կամո Բադալյանն այսպես նկարագրեց․
«Չափազանց խելացի, դաստիարակված, լավ տղա էր Գուրգենը։ Ես իրեն ընդունող տնօրենն եմ եղել, իսկ արդեն բարձր դասարանում՝ նաև հասարակագիտություն, ապա՝ տնտեսագիտություն եմ դասավանդել։ Ինքը բոլոր առարկաներից էր պատրաստ։ Հիմա շատ քիչ են հանդիպում տղաներ, որ բացակայություններ չունենան, բայց Գուրգենը 1 ժամ բացակա չուներ, ինքը բացառիկներից մեկն էր․․․
Մեր ինժեներական լաբորատորիայի առաջամարտիկներից էր, երազում էր սեփական ԱԹՍ ստեղծել, այդպիսի երազանքներ ուներ։ Դպրոցի գիտելիքով, առանց որևէ տեղ պարապելու՝ ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն»։
Գուրգենն այս տարվա հունվարին էր զորակոչվել, ծառայում էր Գորիսում։ Ծառայության 6 ամիսը լրանալուն պես արձակուրդ էր եկել, ընկերներին, համագյուղացիներին պատմել էր բանակային կյանքի իր տպավորությունների մասին:
«Միայն լավը, միայն դրականը, տրամադրությունը շատ բարձր էր․․․
Հրետանային զորամասում էր ծառայում, դեպքից հետո իմացանք, որ հաշվարկներն իր գրպանում է եղել։ Այսինքն՝ ինչքան լավ է տիրապետել իր մասնագիտությանը, որ հաշվարկներն իր մոտ են եղել, կարողացել է լավ նեղել թշնամուն»,- պատմեց Կամո Բադալյանը։
Նրա խոսքով՝ վերջին անգամ Գուրգենը հոր հետ էր խոսել, զոհվելուց մոտ 1 ժամ առաջ․
«Զանգել է հորը, դուխ է տվել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, որ հանգիստ լինեն։ Կռիվը սկսվել է սեպտեմբերի 13-ին, ինքը 24 ժամ կռվել է, փախնող տղա չէր․․․ Զոհվել է սեպտեմբերի 14-ին:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 10 զոհ ունեցանք, Գուրգենը մեր 11-րդ զոհը եղավ։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Վարդենիկի գերեզմանատանը, իր պապիկի անունն էլ էր Գուրգեն, հենց պապիկի կողքին էլ հուղարկավորեցին․․․»։