Միրզոյանը Հորդանանի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Հայաստանի արտաքին գործերի նախարար  Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում  վերջին զարգացումների, անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորին ուղղված հասցեական արձագանքի, ինչպես նաև ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալու կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս