Հայկական Zangi-ն շարունակում է հաջողությունը միջազգային ասպարեզում
Հայկական Zangi ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր անկախության օրն է։ Եկեք չմոռանանք, որ մենք ուժեղ ենք արվեստում, բիզնեսում, գիտությունում, սպորտում ու մարտի դաշտում։
Զանգի-ն որպես Սիլիկոնային Հովտում գրանցված, բայց հայկական ծագմամբ միջազգային ընկերություն՝ արագացող տեմպով շարունակում է իր գլոբալ ներթափանցումը։ 2021-ին ունեցել ենք 3 միլիոն ներբեռնումներ։ 2022-ը կփակենք 6 միլիոն ներբեռնումներով։ 2023-ին պատրաստվում ենք ունենալ ավելի քան 20 միլիոն ներբեռնումներ։ Այս կանխատեսումը հիմնված է այն իրողության վրա, որ վերջին 5 ամիսների ընթացքում ներբեռնումների քանակը կրկնապատկվել է ու աճի տեմպը չի դադարում։ Ու այս ամենը կատարվում է մաքուր օրգանիկ կերպով, 0 ցենտ մարքետինգով։
Ներկայի խառը աշխարհում միայն Զանգի-ն է, որ տալիս է անձնական տվյալների իրական պաշտպանություն։
– Զանգի-ն օգտագործելու համար չկա անհրաժեշտություն համարով PIN կոդ ստանալու։ Հետևաբար չեն կարող ձեր հաշիվը կոտրել կեղծ SMS-ի միջոցով։
– Զանգի-ն իր սերվերներում չի պահում ձեր կոնտակտները, ֆայլերը և հաղորդագրությունները։ Հետևաբար ոչ մի ինսայդեր, խակեր կամ պետական մարմին չի կարող տիրանալ ձեր տվյալներին այն պարզ պատճառով որ դրանք ուղղակի չկան։
– Զանգի-ով անցնող ամբողջ կոմունիկացիան կոդավորված է End-To-End կոդավորմամբ։ Հետևաբար կոդերը գտնվում են միայն ձեր հեռախոսներում»։
Սիրարփի Աղաբաբյան