Եթե դոլար-դրամ փոխարժեքը բարձրանա, ապա մենք կարող ենք մեկ շաբաթում կտրուկ գնաճ ունենալ. Սուրեն Պարսյան
2022 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 13.1%-ով: Տնտեսական աճի կառուցվածքը փաստում է՝ աճը հիմնականում ապահովել են ծառայություններն ու առևտուրը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այդ ակտիվությանը նպաստող հիմնական գործոնը եղել է ՌԴ-ից եկող կապիտալի հոսքը և ռուս տուրիստների հոսքը: Ըստ նրա՝ այս աճը տարածաշրջանի երկրների համեմատ բարձր ցուցանիշ է, սակայն ոչ բացառիկ:
«Անցյալ տարի Վրաստանի տնտեսությունն էր երկնիշ աճ գրանցել 10.6 տոկոսի չափով՝ Հայաստանից կրկնակի շատ: Եվ եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի ՀՀ-ն չկարողացավ իր ճգնաժամային վնասը հետ բերել, ապա պետք է արձանագրել, որ այդ 13.1 տոկոս տնտեսական աճի մեջ կա նաև 2020 թվականի ճգնաժամի վնասը: Մենք նոր ենք կարողանում հաղթահարել 2020 թվականի հետևանքները և որոշակի տնտեսական աճ ենք ապահովում, բայց այս աճից, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա հասարակության մեծ մասը չի օգտվում, քանի որ աճը հիմնականում ապահովում են ֆինանսական, բանկային ոլորտները, անշարժ գույքի շուկան, ծառայությունների, խաղերի ոլորտները. այսինքն՝ այստեղ ներգրավված մարդկանց թիվը մեծ չէ և չի կարող նպաստել մարդկանց կյանքի որակի էական փոփոխությանը»,- հիշեցրեց տնտեսագետը:
Այս համատեքստում նա ընդգծեց առաջին կիսամյակի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի 5.5 տոկոսի անկումը՝ նկատելով, որ սննդամթերքի համաշխարհային գնաճից զատ՝ դրանով է պայմանավորված նաև սննդամթերքի գների առաջին 8 ամիսների հաշվարկով 13.5 տոկոս գնաճը:
«Այս անկումն էլ ավելի կարող է խորանալ` պայմանավորված սեպտեմբերի պատերազմական գործողություններով, քանի որ դրանց հետևանքով ՀՀ-ն կորցրեց իր գյուղատնտեսական նշանակության հողերի, վարելահողերի, խոտհարքների զգալի մասը, ինչի պատճառով կտուժի նաև անասնապահությունը,- ասաց Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ սահմանի անկայունությունն ուղղակի հարվածում է նաև ներդրումային միջավայրին, քանի որ ներդրումները շարունակում են սառեցված մնալ,- Այսինքն՝ այս տարի ՀՀ թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է և սահմանային իրավիճակը, որը մեծ ազդեցություն է թողնում երկրի տնտեսության վրա՝ երկարաժամկետ որակական զարգացման տեսանկյունից»:
Ըստ տնտեսագետի՝ տնտեսական ընդհանուր վիճակի վրա դրական կարող է ազդել օրերս ՌԴ-ում հայտարարված մասնակի մոբիլիզացիան, ինչի հետևանքով Ռուսաստանի՝ մեծ թվով ազգությամբ հայ քաղաքացիներ փորձում են լքել երկիրը և առաջին հերթին գալ ՀՀ:
«Սա կարող է հերթական ալիք դառալ ՌԴ-ից հոսքի առումով»,- շեշտեց նա:
Հարցին, թե տնտեսության վրա ինչ հետևանքներ կամ էֆեկտներ կթողնի ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացումը, տնտեսագետը պատասխանեց.
«ՎՖՏ բարձրացում այս տարվա ընթացքում իրականացրել են աշխարհի բոլոր երկրները՝ հաշվի առնելով գնաճային միտումը. օրերս նաև Միացյալ Նահանգներն է 0.75 կետով բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ ՀՀ ԿԲ-ն այս տարում արդեն մի քանի անգամ բարձրացել է այն՝ հասցնելով 10 տոկոսի:
Վերջինի նպատակը հնարավոր գնաճի զսպումն է. ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսել է 8.5 տոկոս գնաճ, սակայն այդ գնաճը շատ թույլ հիմքեր ունի, քանի որ հիմնված է դոլար-դրամ փոխարժեքի տատանման վրա: Եթե դոլար-դրամ փոխարժեքը բարձրանա, ինչը վերջին օրերի ընթացքում արձանագրվում է՝ պայմանավորված ռազմական գործողություններով և ֆիզիկական անձանց անհանգստությամբ, ապա մենք կարող ենք մեկ շաբաթում կտրուկ գնաճ ունենալ:
Այսինքն՝ ԿԲ-ն հաշվի չի առնում, որ, ենթադրենք, դոլարի փոխարժեքը դառնա 480-490 դրամ, ինչպե՞ս է փորձելու կառավարել գնաճը: Եվ հնարավոր դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով մեր գնաճի մակարդակը կարող է երկնիշ լինել»: