Ծավում կրակոցներ չկան. գյուղացիներն ամեն մեկն իր գործով է. Համայնքի ղեկավար
Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Ճակատեն-Ծավ հատվածում երեկ կրակոցներ չեն եղել: Միաժամանակ նա նշեց՝ թեև կրակոցներ չկան, բայց ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել կայուն լարված, որովհետև չգիտեն, թե հետո ինչ կլինի:
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց՝ Ծավի բնակիչներն իրենց հոգսերով են. «Գյուղացիներն ամեն մեկն իր գործով՝ ովքեր պաշտպանությանն են մասնակցում, պաշտպանում են, ովքեր իրենց գործով՝ իրենց գործով: Համայնքում բնականոն ընթանում են գյուղական աշխատանքները. մեզ մոտ հանգիստ է՝ ով ինչ աշխատանք ուզում է, անում է»:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն ու Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էին տեղեկացրել, որ երեկ իրենց գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։