Ներքին Հանդում և Իշխանասարում իրավիճակը հանգիստ է. Իշխանասարում մտածում են երեխաներին դպրոց ուղարկելու մասին. Վարչական ղեկավարներ
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
168.am-ի հետ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն ասաց, որ գյուղում իրավիճակն այս պահին հանգիստ է։
«Սեպտեմբերի 15-ից մինչև օրս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Հիմա բնակիչները վերադարձել են գյուղ, արդեն մտածում ենք նաև երեխաներին դպրոց ուղարկելու մասին։ Փառք Աստծո, վիճակը նորմալ է։
Իմ տեղեկություններով՝ երեկ կրակոցները Կապանի ուղղությամբ են եղել»,- փոխանցեց Մարատ Պետրոսյանը։
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ տեղեկացրեց, որ երեկ թշնամին Ներքին Հանդի ուղղությամբ չի կրակել, կրակոցներ եղել են սեպտեմբերի 20-ի երեկոյան։
«Այս պահին նորմալ է վիճակը, փորձում ենք քիչ-քիչ վերականգնվել գյուղում ու անցնել մեր առօրյա աշխատանքին»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: