Բրիտանիան կարող է միանալ Մակրոնի «Եվրոպական քաղաքական հանրակցությանը». BBC
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին գագաթնաժողով այցելելու հնարավորությունը: Սեպտեմբերի 20-ին այդ մասին հաղորդել է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Եվրոպական քաղաքական հանրակցության» ստեղծման գաղափարը Մակրոնն առաջադրել է մայիսին: Նրա խոսքով՝ այդ կառույցը թույլ կտա բարելավել փոխգործակցությունն այն երկրների հետ, որոնք մոտ ապագայում հեռանկարներ չունեն միանալու Եվրամիությանը: Անցյալ շաբաթ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Լորանս Բունը պատմել է, որ «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին նիստը կկայանա հոկտեմբերի սկզբին: Բի Բի սիի տվյալներով՝ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում, քանի որ Չեխիան այս պահին նախագահում է Եվրամիությունում:
Ըստ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձում են ստանալ երաշխիքներ, որ հանդիպմանը չեն գերակշռի ԵՄ-ի երկրները կամ կառույցները. Լոնդոնը կցանկանար մասնակիցների թվում տեսնել ուրիշ «մեծ խաղորդների» ոչ Եվրամիությունից:
Նշվում է, որ, բացի ԵՄ-ի անդամ պետություններից, նիստի հրավեր են ստացել Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան եւ Շվեյցարիան: Բացի դրանից, կազմակերպիչները մտադիր են հրավիրել Ադրբեջանին, Ալբանիային, Հայաստանին, Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին, Իսլանդիային, Կոսովոյին, Լիխտենշտայնին, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Սերբիային, ինչպես նաեւ Չեռնոգորիային: Բի բի սին ընդգծել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը վերջնական որոշում ընդունելուց առաջ կոնսուլտացիաներ կանցկացնի Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Ինչպես սպասվում է, «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին նիստը շատ բանով նվիրված կլինի Ուկրաինայի իրադարձություններին, ինչպես նաեւ Եվրոպայի տնտեսության եւ Էներգետիկայի բնագավառի իրավիճակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: