«Հեռացի՛ր, թող գա մեկը, ով կարող է օդը փակել. մարդիկ են զոհվում». Տիգրան Նալչաջյանը՝ Փաշինյանին

Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է վարչապետի իր թեկնածուի անունը ներկայացնի, որպեսզի մարդիկ գնան նրա հետևից:

«Պետք է մի ուժեղ կերպար, որպեսզի մարդիկ այդ ուժը տեսնեն, ու ով անպայման կասի, որ պատրաստ է Հայաստանի այսօրվա մարտահրավերների պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ես դրան եմ սպասում, ու այսուհետ որոշել եմ հավաքների չմասնակցել, քանի չկա նման մարդ, որի հետևից ես գնամ: Լավ, գնացինք, կանգնեցինք, ինչ-որ բողոքի ակցիա եղավ, հետո գնացինք տուն, ոչինչ չկատարվեց, ես դրա համար սպասում եմ այդ մարդուն: Քանի որ շատերը ո՛չ նախկին-ո՛չ ներկա են անում այս հարցում, այդ մարդը, եթե պետք է լինի նախկին իշխանության ներկայացուցիչ, ենթադրենք՝ նախկին նախագահներից կամ վարչապետներից մեկը, ուրեմն՝ ինքը պետք է մատնանշի իր որոշ սխալները և ասի, որ իշխանության գալու դեպքում այդ սխալները չեն կրկնվի, որովհետև մարդիկ դրան են սպասում: Չի լինի դա, չի լինի իշխանափոխություն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տիգրան Նալչաջյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, և հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց այդ օրերից. «Ես պատերազմի վերջին տասնօրյա հատվածում և պատերազմից հետո ևս երկու օր եղել եմ պատերազմի դաշտում՝ Շուշիի ու Ստեփանակերտի արանքում: Այդ ժամանակ ամենաթեժ կռիվներն էին: Օրինակ՝ շատերն են տարածում Փաշինյանի ու Արծրունի գրառումների սքրինշոթերը, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են. մարդիկ ամոթանք են տալիս, ես ամոթանք չտամ և ասեմ, որ դա կես ճշմարտացի էր, բայց Շուշիի համար չէին մարտերը շարունակվում, այս մասին ոչ ոք չի խոսում, գուցե առաջին անգամ է եթերում հնչում՝ Շուշիի համար չէին մարտերը, Ստեփանակերտի համար էին մարտերը: Սա ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ:

Նոյեմբերի 9-ի ցերեկը եղել է մեր ամենաուժեղ մերձամարտը՝ մոտ 300 մետր տարածության վրա ավտոմատի կռիվ, որտեղ թշնամին ոչնչացվեց մեր կողմից: Մեր վաշտը շատ լավ դիրքում էր, մենք զոհ չտվեցինք, տղաներից մեկը միայն ոտքից էր վիրավորվել:

Ադրբեջանական զորքից ովքեր փախան դեպի Շուշի, մեր հրետանին իր գործն արեց, բոլորին ոչնչացրեց: Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիների 1000-ը անցնող զոհերի մասին է խոսքը: Հետո վիդեո եմ նկարել, թշնամու անծայրածիր դիակներ էին փռված ճանապարհին: Մեր խփածները դիմացի բլուրի վրա էին: Մնացածին ոչնչացրել էր հրետանին: Մենք շատ էինք ոգևորվել այդ մարտից, որ հաջողություն էինք գրանցել ու մեծ ոգևորությամբ սպասում էինք, թե ինչ կլինի: Գիշերը 11-ից սկսած մոտ 2 ժամ սարսափելի ռմբակոծություն սկսվեց, ոչ մեկս հույս չունեինք, որ ողջ ենք մնալու: Բոլոր տեսակի զենքերն աշխատում էին մեզ վրա, նախորդ տասը օրերին այդ մասշտաբի ռմբակոծություն չէր եղել. Դա արդեն դժոխքն էր: Հետո եկավ գիշերվա ժամը 1-ը՝ կրակը լրիվ դադարեց, ոչինչ չէր լսվում, լռություն էր:

Ռազմական տակտիկայի տեսանկյունից մենք սպասում էինք, որ թշնամին շուտով կառաջանա: Ոչինչ տեղի չէր ունենում: Մոտ 30 րոպե հետո տղաներից մեկն եկավ՝ ասաց՝ տղերք, զինադադար է, Նիկոլը հողերը հանձնել է: Շատ վատ արտահայտություններ լսվեցին հողեր հանձնելու հետ կապված, բոլորը կատաղել էին: Ի դեպ, այդ վերջին օրերին օդը փակել էին ու ԱԹՍ-ները խփվում էին, դրա շնորհիվ մենք ողջ մնացինք»:

Նա ընդգծեց, որ իշխանությունները պարտավոր են օդը փակել, որպեսզի տղաները չզոհվեն. «Այսօրվա մեր խնդիրը արտաքին թշնամին է ու այդ թշնամուն սպասարկող իշխանությունները: Եթե մեր իշխանություններն ուղղակի լինեին թույլ ոչ պրոֆեսիոնալ, կասեի՝ համախմբվենք, բայց ես չեմ կարող համախմբվել օդը չփակող իշխանության հետ, ովքեր մեր տղաներին մսաղացում են թողնում: Գոնե այդ բանը դուք պարտավոր եք անել: Եթե ստանձնել եք իշխանությունը, չեք կարողանում զենք առնել, եթե մենք անգամ հավատանք Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը չի կարողանում զենք առնել, ուրեմն՝ հարգելիս, հեռացիր, թող գա մեկը, ով կարող է օդը փակել, մարդիկ են զոհվում, 18-20 տարեկան տղաներ  են զոհվում, սա արդեն իշխանություն պահելու հարց չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս