Ծառայակից ընկերներն են Տիգրանի մորը պատմել, որ մինչև վերջ աննահանջ պայքարել է
Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների պաշտոնական թիվն այս պահի դրությամբ 135 է։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էր ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր նաև ԱԹՍ-ներ:
Մի քանի օր շարունակվող ադրբեջանական այս ագրեսիայի ժամանակ հանուն հայրենիքի պաշտպանության զոհված զինծառայողներից մեկն էլ Արարատ քաղաքից Տիգրան Տեր-Առաքելյանն էր:
Տիգրանը 2021 թվականի ամռանն էր զորակոչվել բանակ՝ սկզբում Վանաձորում էր ծառայությունն իրականացրել, ապա՝ Սիսիանում, իսկ թշնամու վերջին ագրեսիայի ժամանակ Ջերմուկում էր:
Տիգրանի զարմուհին՝ Արմինեն, որի հարազատ եղբայրը ևս այս պահին դիրքերում է, պատմում է. «Տիգրանը ծնվել է հունիսի 24–ին. մենք իր ծնունդը նշեցինք, ու մոտ մեկ շաբաթ անց իրեն տարան: Զոհվել է Ջերմուկում»:
Հարազատները ենթադրում են՝ զինծառայողն անօդաչուի հարվածից է զոհվել:
Տիգրանն իր ամենանվիրական երազանքների մասին մորը՝ Մարիամին է պատմել, խոսել սիրած աղջկա մասին:
«Սիրած աղջիկ ուներ, որի մասին շատ էր մտածում, նույնիսկ այդ սիրուց նիհարեց:
Լուսավոր, չարաճճի երեխա էր, փախչող տեսակ չէր: Ծառայակից ընկերներն են Տիգրանի մորը պատմել, որ նա մինչև վերջ պայքարել է:
Երբ մարտերը սկսել են, ինքը դիրքերում ծառայության է եղել, զանգահարել էր մորը, ասել, որ շատ է սիրում նրան, որ չանհանգստանա՝ ամեն ինչ լավ է: Հաջորդ օրը ևս կարողացել է կապ հաստատել, անտանելի կրակոցներ են եղել, միայն հասցրել է ասել՝ «մամ ջան, մի մտածիր, մի լացիր»: Մայրն ասել է՝ իմ երեխան չի փրկվի էս կրակոցներից: Վերջին անգամ երբ խոսել է, միայն ասել է, որ լավ է, ու հրադադար է. այդ օրվանից էլ ոչ մի զանգ չի եղել Տիգրանից»,- հուզմունքը մի կերպ խեղդելով՝ ասաց զարմուհին:
Նշենք, որ Տիգրանի ավագ եղբայրը՝ Վարդանը, 44-օրյա պատերազմի մասնակիցներից է, ու նույն ապրումները, սպասումները հարազատներն ունեցել են նաև այդ օրերին:
«Այս դեկտեմբերին վերջապես Վարդանը եկավ, Տիգրանի գալուն էլ շատ էինք սպասում»,- ասաց Արմինեն:
Տիգրան Տեր-Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` ժամը 17։00-ին, Արարատ քաղաքի մշակույթի տանը։