Ինչի՞ են պատրաստվում ՀՀ իշխանությունները
Հայաստան-Ադրբեջան հումանիտար հրադադարի համատեքստում աշխարհաքաղաքական գործընթացը Հայաստանի շուրջ «եռացող կաթսա» է հիշեցնում:
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել միանգամից երեք ղեկավարի հետ՝ ՌԴ նախագահ Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: Բոլոր պաշտոնյաների հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ, չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:
«Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին»,- ասված է հաղորդագրությունում:
Էմմանուել Մակրոնը ևս վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Ի թիվս լարվածության պահպանման թեմային՝ քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Իրականում պաշտոնական վերոնշյալ հաղորդագրություններից դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ մասշտաբի ռազմական վտանգների առջև է կանգնած Հայաստանը, բայց որ վտանգները կան ու դրանք դժվար կառավարելի են, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում բացարձակ կառավարելի չեն, միանշանակ է: Պաշտոնական հաղորդագրություններից միայն ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ բոլոր երեք հաղորդագրություններում կա միևնույն պարբերությունը.
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»:
Այսինքն՝ կարելի է գոնե ենթադրել, որ հայկական կողմը ռազմական նոր հարձակման մասին տեղեկատվություն ունի, այլապես գոնե ժամանակավոր հրադադարի իրավիճակում մի քանի ժամում երեք աշխարհաքաղաքական կենտրոն զանգահարելը ոչ ստանդարտ իրավիճակ է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախօրեի ելույթը կարելի է նույնիսկ աղմկահարույց որակել: Մարգարյանն ընդգծել էր` եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել: Նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում
«Մինչ մենք քննարկում ենք հարցը, հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը ևս մեկ ռազմական հարձակում է ծրագրում` ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի փորձի իրագործել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական նկրտումները»,- ասել էր Մարգարյանը:
Բնականաբար, ադրբեջանական կողմը հայտարարելու է` «միայն Հայաստանի սադրանքներին է պատասխանում»։
«Այստեղ պետք է նկատել, որ շահարկումները միշտ էլ Ադրբեջանի գործելաոճն են եղել, դրա համար այդ երկիրը մշտապես համառորեն դիմադրել է հրադադարի խախտումները հետաքննելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության»,- հիշեցրել էր Մարգարյանը՝ ըստ էության աշխարհի համար բացահայտելով Ադրբեջանի ծրագրերը։
Այսօր էլ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները Ջերմուկում են, որտեղ հարցեր են ուղղում ՀՀ ԳՇ պետին և պատերազմական գործողություններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ծանոթանում իրավիճակին:
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը դեսպաններին ասաց, որ ադրբեջանական զորքը գտնվում է Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա:
Ակնհայտորեն ՀՀ իշխանությունները միջազգային հանրությանն ինչ-որ բանի են նախապատրաստում: