Գաղտնիք բացեմ. Բրյուսելում առձեռն առաջարկություն եմ փոխանցել Ալիևին. Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Ռուստամ Բաքոյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ճիշտ է, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, սակայն մինչև այս պահը չգիտեն դաշնակից երկիր Ռուսաստանի արձագանքը։

«Արդյո՞ք բավարար ենք համարում արձագանքը և բավարար մոտեցում է ցուցաբերում մեր դաշնակիցը։ Ուզում եմ նաև անդրադառնաք միջանցքի թեմային, արդյո՞ք Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունն է սա, թե՞ այլ երկրներ էլ կան, որոնք շահագրգիռ են միջանցքի բացման տրամաբանության մեջ»,- Փաշինյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավորը։

«Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ և, ցավոք սրտի, ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամբողջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը մեզ շատ պետք է չհետաքրքրի։ Մեզ պետք է հետաքրքրի մեր տեսակետը և մեր դիրքորոշումը, և մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով մենք միջանցք չե՛նք տալու, չե՛նք տալու, հասկանո՞ւմ եք։ Միջանցք, տարածք, չգիտեմ՝ ինչ, չենք տալու։ Այս առումով ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր պետությունը չենք, ուրիշների կարծիքը մեզ հետաքրքրում է երկրորդ հերթին։

Երկրորդ հերթին, մենք մեր բոլոր դաշնակիցների հետ հստակ այս հարցով ունենք քննարկում և ունենք միասնական ըմբռնում, այդ թվում՝ իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության հետ, որովհետև չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին, չկա։ Եթե լինի մի երկիր, որը փորձի՝ մենք էդ քննարկումը չենք անի, որովհետև չե՛նք քննարկում էդպիսի հարց։ Ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել էդ միջանցքը, որտե՞ղ է գրված միջանցք։

Կարդացեք նաև

Ադրբեջանն ասում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի համաձայն։ 9-րդ կետը հրապարակված կետ է, ես աշխարհի բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել միջանցք բառը 9-րդ կետում։ Արդյո՞ք այդ փաստաթղթում կա միջանցքի մասին հիշատակում, այո՛, կա, և դա Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և մենք սա պետք է արձանագրենք․․․»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը հաճախ մոռանում ենք․

«Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրագործման վերաբերյալ կնքվել է նոր եռակողմ հայտարարություն 2021 թվականի հունվարի 11-ին, որտեղ բացվել է, թե այդ 9-րդ կետն ի՞նչ է նշանակում և ինչի՞ մասին է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մեկնաբանությունը տվել է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը։ Այս համատեքստում մենք ոչ միայն պատրաստ ենք, մենք շահագրգռված ենք։ Ես ձեզ գաղտնիք ասեմ՝ մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին, և այդ առաջարկությունը նաև ես առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը»։

Իսկ թե ի՞նչ առաջարկության մասին է խոսքը, Փաշինյանը կարճ անդրադարձավ․

«Որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել՝ տալ և ստանալ, սրա մասին է»։

Տեսանյութեր

Լրահոս