«Մեծ դավադրության հոտ է գալիս այս ամենից. ԳՇ-ն պետք է գործի». Դավիթ Ջամալյան

Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություններ է տարածում, թե հայկական կողմերը իբր խախտել են հրադադարի ռեժիմը: ՀՀ ՊՆ-ն ու Արցախի ՊԲ-ն այդ տեղեկատվությունը հետևողական կերպով հերքում են: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ Բաքուն պատերազմ սկսելու լեգիտիմություն է փորձում ձևավորել:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեցինք՝ պատերազմի պատրաստվող Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի շուրջ ինչպե՞ս են բանակցում գործող իշխանությունները, իրենք իրենց չե՞ն հակասում:

«Ադրբեջանական ամենամեծ սադրանքը, որը հաջողությամբ է պսակվել և առ այսօր մեր գլխին պատուհաս է, այդ նշված գործիչ կոչեցյալներն են: Երբեմն մեծ դավադրությունը դավաճանները փորձում են քողարկել ճիշտ արտահայտություններով. իսկապես այդպես է, Ադրբեջանն ինֆորմացիոն ֆոն է ստեղծում, որպեսզի լեգիտիմացնի իր հնարավոր ագրեսիան: Հիմա հարց՝ իսկ դուք ի՞նչ եք արել, որ այդ ագրեսիան տեղի չունենա, իսկ ԶՈւ մարտունակությունը պատշաճ վիճակի բերելու համար դուք ինչ-որ քայլերի դիմե՞լ եք»,- ի պատասխան՝ ասաց ռազմական փորձագետը:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ պարեկային ոստիկանության ծավալն ավելացնելու փոխարեն՝ կարելի էր հարևան Իրանից ԱԹՍ-ներ գնել.

«Ոչինչ չի արվում, որպեսզի ադրբեջանական ագրեսիան կանխվի, իսկ կապիտուլյանտական ռեժիմի տրամաբանությունը շատ հստակ է՝ իրենք հիմա հայրենասիրություն են խաղում, կտրուկ հայտարարություններ են անում, բայց ագրեսիան բացառելու ուղղությամբ ոչինչ չեն անում: Մեծ դավադրության հոտ է գալիս այս ամենից: Տեսեք՝ ԳՇ պետի պաշտոնին նշանակեցին շատ արժանապատիվ ծագումով արցախցու, և հիմա ոչինչ չի արվում ՀՀ ԶՈւ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, Ադրբեջանը սպառնում է պատերազմով: Իրենք կտրուկ հայտարարություններով դրդում են Ադրբեջանին այդ պատերազմին՝ ասելով՝ միջանցք չեն տալու, իսկ միջանցք չտալու մասին հայտարարությանը պետք է նախորդի բանակի մարտունակության ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ, որպեսզի թշնամին չդիմի ագրեսիայի: Դուք այդ ամենը չեք անում:

Եթե ուկրաինական ճակատում վիճակը ծանրանա, ադրբեջանական ագրեսիան կլինի: Մեղքը կբարդեն բանակի վրա, հետո կասեն՝ ԳՇ պետի պաշտոնում ծագումով արցախցի զինվորական էր, բա ինչո՞ւ չկարողացաք պահել: Այսինքն՝ խաղարկվելու է հերթական դավադիր սցենարը: Ալիևը փորձելու է հարվածել, մեր Զինված ուժերը վիրավոր լինելով, սահմանափակ հնարավորություններ ունենալով՝ հավուր պատշաճի չեն կարողանալու պաշտպանություն կազմակերպել, կորստի մեղքը կրկին բարդվելու է զինվորականության վրա:

Սա շատ լուրջ մտահոգության տեղիք տվող, շատ իրատեսական հեռանկար է, և մեր Գլխավոր շտաբը պետք է սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները՝ օպերատիվ և ինքնուրույն գործելու, լիարժեք իրացնի, որպեսզի հետագայում իրեն ինչ-որ մեղքեր չբարդեն: ԳՇ պետը լրջագույն ուղի անցած պատվարժան զինվորական է, և եթե նրան տան գործելու ազատություն, նա կկարողանա իր առաքելությունն իրականացնել:

Անհապաղ, անգամ մեր պետականակենտրոն ուժերը պետք է վտանգի պահին ուղիղ կապի մեջ մտնեն դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի հետ, այլընտրանքային դիմադրության ռեսուրս ձևավորելու ուղղությամբ, նաև՝ մոբիլիզացնելով հանրությանը՝ ստիպեն գործող իշխանությանը՝ գնալ հայրենիքը պաշտպանելու ճանապարհով, որպեսզի չխաղարկվի նոր կապիտուլյացիոն սցենար»:

Ըստ նրա՝ Ռուսաստանի համար էլ է բարդ լինելու, եթե այստեղ երկրորդ ճակատ բացվի. «Եթե Ռուսաստանի գործերն Ուկրաինայում հաջող ընթանան, մենք այստեղ պատերազմ չենք տեսնի: Ցավով եմ ասում, որ մեր ամբողջ հույսը՝ մեր անվտանգության հետ կապված, թող որ՝ դաշնակից, թող որ՝ բարեկամ, բայց Ռուսաստանի ԶՈւ հաջողությամբ է պայմանավորված, որովհետև օրվա կապիտուլյանտական ռեժիմն այնպիսի ողորմելի վիճակի է հասցրել Հայաստանի անվտանգային համակարգը, որ ինքնուրույն դիմակայել անվտանգային սպառնալիքներին Հայաստանն ունակ չէ:

Ես սա մեծ ցավով եմ ասում: Ես եղել եմ այն մարդը, ով աշխատել է ՊՆ-ում մի ժամանակահատվածում, երբ մենք խաղաղություն ենք պարտադրել: Ես տեսել եմ, թե ինչպես է մեր բանակն իրավիճակի տերն ու տնօրենը, մենք անգամ աշխարհաքաղաքական սցենարներ ենք բեկել մեր հնարավորություններով այս ռեգիոնում:

Մենք այդպիսի սուբյեկտայնություն, այդպիսի ռեսուրս ու հնարավորություններ ենք ունեցել, իսկ հիմա այդ հնարավորությունները չունենք, ու ողբերգությունն այն է, որ ոչինչ չի արվում, որ վերադառնանք այդ կարգավիճակին: Իսկ եթե մենք ունենանք պետականակենտրոն իշխանություն, մեզ շատ ժամանակ պետք էլ չի լինելու վերագտնել մեր հին տեղն ու դերը ռեգիոնում, վստահեցնում եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս