Բաժիններ՝

«Մենք ենք եղել այդ ծնողները, որոնք հանդիպել են ՔԿ նախագահի հետ Հադրութի 73 հոգանոց վաշտի տղաների զոհվելու գործով». Զոհված զինծառայողի մայր

Սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն  ընդունել էր 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:

Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների բարձրացրած մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով:

168.am հետ զրույցում  44-օրյա պատերազմում նահատակված տղաների ծնողները, որոնք պարբերաբար բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության մոտ, պահանջելով կալանավորել Նիկոլ Փաշինյանին՝ որպես իրենց տղաների զոհվելու գլխավոր մեղավոր, ասացին, որ իրենց խումբը ՔԿ չի գնացել։

Կարդացեք նաև

Պատերազմում նահատակված Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Նելլի Մանուկյանն էլ մեզ հայտնեց, որ ՔԿ գնացել են Հադրութում զոհված տղաների ծնողները՝ 73 հոգանոց վաշտի տղաների զոհվելու գործով։

«Մենք ենք եղել այդ ծնողները, որոնք հանդիպել են ՔԿ նախագահի հետ։ Հանդիպման ժամանակ նա մեզ ասաց, որ գործն ընթացքի մեջ է, այս պահի դրությամբ մեղադրվում է գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը, որին եթե կալանավորեն, նվազագույնը՝ 4, առավելագույնը՝ 8 տարի ազատազրկում է սպասվում։ Հոդվածն այսպես է բնութագրվում՝ անփութության պատճառով։ Բայց այդ երեխաներն անփութության պատճառով չէ, որ գնացել ու զոհվել են։

Մենք այդ հանդիպմանը գնացել ենք մոտ 35 հոգով, մնացածը չեն կարողացել գալ, 15-ը Արցախից են կամ հեռու տեղերից են, տարիքով մարդիկ են, հիվանդություններ ունեն, չեն կարողացել գալ։ Բայց մենք բոլորս իրար հետ ենք, այդ վաշտի տղաների բոլոր ծնողներն այս հարցի շուրջ միասին են»,- նշեց Նելլի Մանուկյանը։

Ըստ նրա, ծնողները համոզված են, որ իրենց տղաներին մտածված են ուղարկել Հադրութ։

«Ուղարկել են, հետո տեսել են, որ սխալ են արել, որովհետև երեխեքը 40 րոպե հետո զոհվել են, շրջափակման մեջ են ընկել։ Այսինքն՝ ուղարկել են այնպիսի տեղ, որտեղ արդեն ադրբեջանական դիվերսիան է մտած եղել։ Իրենց հետ այնպիսի մարդ է եղել, ով աչքերը փակ Հադրութը ծայրից ծայր կանցներ, այսինքն՝ նա չէր կարող տղերքին տանել սխալ ուղղությամբ։ Այս գործով մենք նախ պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Ջալալ Հարությունյանին, որովհետև հրամանը նա է տվել, այդ հրամանը կա, հետևաբար՝ իր հրամանի համար ինքն է  պատասխանատու։ Նաև չեն զեկուցել այն մարդուն, ով պետք է դիմավորեր տղերքին, մարդն անտեղյակ է եղել, որ նման վաշտ է գալիս Հադրութ»,- շեշտեց Նելլի Մանուկյանը։

Միաժամանակ՝ նահատակված զինվորի մայրն ընդգծեց, որ միանում են բազմաթիվ այն ծնողների պահանջին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կալանավորվի։

«Շատ դեպքերում մենք այդ ամենի մասին չենք բարձրաձայնում, որովհետև մարդիկ սխալ պատկերացում են կազմում, թե մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, բայց մեզ դա պետք չէ։ Ես ամեն առավոտ արթնանում եմ, որ լսեմ՝ Փաշինյանն այլևս չկա, էլ չի շնչում՝ այդքան ատելություն կա»,- եզրափակեց Ն. Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս