Բաժիններ՝

Աստված միայն մերը չէ

Պատահում են դեպքեր, երբ ունենք անպատասխան հարցեր, երբ խճճվել ենք ինչ- ինչ իրավիճակներում, երբ թվում է, թե մութ թունելում ենք, որից լույս չի երևում։ Լինում են նաև իրավիճակներ, երբ մեր կյանքում կա հակասություն՝ այլ մարդկանց, հանգամանքների ու իրավիճակների հետ, երբ հաշտ չենք ինչ- որ խնդրի և կամ էլ դրա լուծման հետ։ Այդ բոլոր դեպքերում մենք ուղղում ենք մեր սիրտը, միտքն ու հոգին առ Տերը՝ խնդրելով․ «Օգնի՛ր»։

Այս ասելով՝ մենք արդեն իսկ մեր մտքերում ունենք պատրաստի լուծումներ։ Օրինակ՝ կարծում ենք, թե Աստված ամեն բան մեր սրտով է անելու, մեր արդեն պատրաստի լուծումներն արդարացնելու է իր աստվածային բարձունքից՝ ասելով․ «Դու ճիշտ ես»։ Սակայն լինում են դեպքեր, երբ ասելով՝ օգնիր, Տիրոջից ստանում ենք լիարժեք այլ, անգամ հակառակ լուծումներ, որոնք տվյալ պահին մեզ ոչ թե արդարացնում են, այլ ցույց տալիս, որ սխալ էինք։ Սա չի նշանակում, որ Աստված մեզ չի սիրում, այլ ճիշտ հակառակը։ Դրանով Աստված չի պատժում մեզ, այլ ցույց է տալիս, որ ճիշտ քայլերի չենք դիմել, իսկ հիմա ամեն բան կարող ենք շտկել՝ լցված սիրով, որ Աստծուց է։

Հաճախ մենք նեղսրտում ենք այդ հանգամանքներից և Աստծո արդարամտությունից։ Եվ կամ էլ գուցե անտեսելով Տիրոջ օգնությունն՝ ասում․ «Ո՛չ, սա Աստված չէր, ես դեռ սպասում եմ Տիրոջ պատասխանին»։

Բացե՛նք մեր հոգու աչքերն ու տեսնենք, որ նույնիսկ մեր աչքերին ու ականջներին ոչ հաճո խոսքը, որ գալիս է Աստծուց, կարիք ունի լսվելու և կատարվելու։ Այդպես է, որ Աստված օգնում է մեզ՝ Իրեն էլ ավելի մոտենալու, լցվելու սիրով։ Եթե գործել ենք սխալ և նույնիսկ այդ պահին չենք գիտակցում մեր արարքի լրջությունը, սթափվենք այս խոսքից՝ ինքներս մեզ ասելով՝ Աստված միայն իմը չէ։

Այս պատուհանից նայենք աշխարհին և Աստծո արդարությանը՝ վստահ լինելով՝ երբ արդար ենք, Տերը մեր կողքին է։ Լինե՛նք արդար։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս